ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքում հրդեհ է բռնկվել, դեպքի վայր է մեկնել Արտակարգ իրավիճակների նախարարության ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից 6 մարտական հաշվարկ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ-ից:
«Հունվարի 26-ին, ժամը 08:11-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքի 2-րդ և 3-րդ հարկերից ծուխ է նկատվում:
Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նալբանդյան փողոցի թիվ 28 շենքի 2-րդ հարկի սենյակներից մեկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:32-ին, մարվել՝ 08:37-ին:
Գրասենյակում մասամբ այրվել են սեղան և պահարան, մանրահատակ՝ մոտ 0.5 քմ և ջերմահարվել՝ սառնարան: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան»,- նշված է հաղորդագրությունում: