«Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահացել է հացադուլ հայտարարած Մհեր Եղիազարյանը. news.am
Advertisement 1000 x 90

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահացել է հացադուլ հայտարարած Մհեր Եղիազարյանը. news.am

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժկետում, այսօր՝ հունվարի 26-ին, առավոտյան մահացել է 44 օր հացադուլ հայտարարած կալանավոր Մհեր Երամիշի Եղիազարյանը:

Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 06:15-ի սահմաններում, կալանավորված անձ 51-ամյա Մհեր Եղիազարյանի (մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հ․ 2-րդ և 3-րդ մասերով, 38-34-312 հ․ 2-րդ և 3-րդ մասերով), ինքնազգացողության կտրուկ վատթարացման կապակցությամբ հրավիրվել է շտապօգնություն, որի  կողմից ժամը 06։35-ի սահմաններում արձանագրվել է կալանավորված անձի կենսաբանական մահը։

Փաստի կապակցությամբ կատարվում է նախաքննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը հայտնում է իր ցավակցությունը մահացածի հարազատներին։

Այս առնչությամբ, «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը նշել է, որ Մհեր Եղիազարյանը 44 օր հացադուլ էր հայտարարել. «Անձամբ իմ և «Հայոց Արծիվներ»-ի անունից՝ խոր վշտով ցավակցում եմ Մհեր Եղիազարյանի ընտանիքին, հարազատներին, գաղափարակիր և մտերիմ ընկերներին։  Թո՛ղ Մհեր Եղիազարյանի հոգին լուսավորվի Աստծո արքայության մեջ»,-նշել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի սկզբին ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ բացահայտվել է կաշառք տալու պատրվակով, առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք:

Մասնավորապես` պարզվել է, որ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ, «Haynews.am» լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը, խաբեությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2014թ. փետրվարից մինչև 2018թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, անձամբ, կամ միջնորդների միջոցով, չարաշահելով ՀՀ մի շարք քաղաքացիների, այդ թվում առանձին զինծառայողների վստահությունը, ծառայության կամ աշխատանքի տեղավորելու, ծառայողական առաջխաղացման, կամ այլ տարաբնույթ հարցեր լուծելու համար, կաշառք տալու պատրվակով նրանցից պահանջել, ստացել և առանց որևէ գործողություն կատարելու խարդախությամբ հափշտակել է 180 հազար դրամից մինչև առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 4 մլն 775 հազար ՀՀ դրամ:

news.am