Հայոց բանակի 27-րդ տարեդարձի առիթով Եռաբլուր էին այցելել նաև Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Ռոբերտ Աբաջյանի, Ադամ Սահակյանի, Արմենակ Ուրֆանյանի հարազատները։
Այսօր՝ հունվարի 28-ին ծնվել է նաև Արմենակ Ուրֆանյանը։ Նա կդառնար 29 տարեկան։
«Շնորհավորում եմ զինված ուժերի սպաների տոնը և ցանկանում եմ, որ միշտ լինեն, կայուն, հզոր։ Իրենք ժողովրդի վստահությունն են, առանց իրենց մենք գոյություն ունենալ չենք կարող»,- նշեց Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ Համեստ Ներսիսյանը։
Ռոբերտ Աբաջյանի պապիկը՝ Գևորգ Աբաջյանն էլ նշեց, որ Եռաբլուրն իրենց համար դարձել է սրբավայր։
«Եվ՛ հպարտություն, և՛ ցավ եմ զգում, բայց համենայնդեպս մի քիչ սրտի սփոսանք է, որ մարդիկ հիշում են։ Ես բոլորին շնորհավորում եմ, թե՛ սահմանին կանգնածներին, թե՛ ծառայության մեջ գտնվողներին, թե ծառայությունը ավարտածներին»։
Ադամ Սահակյանի մայրը՝ Գայանե Սահակյանը մի կողմից ցավը սրտում, մյուս կողմից էլ գնահատում է, որ մարդիկ անտարբեր չեն պատերազմում զոհվածների նկատմամբ։
«Հայրենիքի համար նահատակված հերոսները սրբացած հերոսներ են և նրանք բոլորինն են, նրանք ժողովրդի հարստությունն են։ Զարմանալի չէ մարդկանց հոծ բազմությունը։ Ապրիլյան պատերազմի տղաները աշխարհաքաղական աղետ կանխեցին, և իրենց կերպարներով հայ ժողովրդին մեկ անգամ ևս ցնցեցին, արթնացրին։ Կարծես մի ուղերձ հղեցին հայ ժողովրդին, որպեսզի միշտ ձեռքը զարկերակի վրա պահեն»։