Աջ ղեկով մեքենաներ ներկրող բազմաթիվ ավտոներկրողներ անցած շաբաթ բողոքի ակցիա էին իրականացնում Բագրատաշենի անցակետում՝ պահանջելով թույլ տալ ներմուծել մեքենաները։
Բագրատաշենում ցուցարարներին էր հանդիպել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ կոչ անելով նրանց դուրս բերել մեքենաներն անցակետից։ Ցուցարարների կարծիքով, սակայն, Արթուր Վանեցյանի միջամտությունն այդ հարցին իրավաչափ չէր, իսկ խնդրի լուծումը Պետական եկամուտների կոմիտեի իրավասության սահմաններում է։ Համանման պնդումներ հայտնվեցին նաև մամուլում, որտեղ ևս հարցականի տակ դրվեց սույն հարցով ԱԱԾ իրավասությունը։
Իրականում, սակայն, ըստ «Սահմանապահ զորքերի մասին» ՀՀ օրենքի, «սահմանապահ զորքերը գործում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի կազմում»։ Միջադեպի վերաբերյալ ԱԱԾ հաղորդագրության մեջ էլ ասվում է, որ կայանված մեքենաները խոչընդոտներ էին ստեղծում հայ սահմանապահների՝ ՀՀ պետական սահմանը պահպանելու, Բագրատաշեն անցման կետի ռեժիմն ապահովելու գործում, հետևաբար, տվյալ պարագայում ԱԱԾ պետի միջամտությունը եղել է ԱԱԾ իրավասության շրջանակում։
Բացի դա, հարկ է նաև նշել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի մեկնաբանությունն այս հարցի շուրջ։ Վերջինիս խոսքով, Վանեցյանը սահմանային կետ էր այցելել սահմանային կետի աշխատանքի մոնիտորինգի համար։ Անանյանի խոսքով, իր և Վանեցյանի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց, որի արդյունքում որոշում է կայացվել, որ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԱԱԾ-ն հանդես գա հաղորդագրությամբ՝ կոչ անելով ավտոներկրողներին 7-օրյա ժամկետում՝ մինչև հունվարի 31-ը, անցման կետի տարածքից դուրս բերել մեքենաները՝ այլապես կենթարկվեն վարչական պատասխանատվության:
Ըստ այդմ, կարող ենք արձանագրել, որ ԱԱԾ տնօրենի միջամտությունն այս հարցին եղել է կառույցի իրավասության շրջանակներում, և հակառակի մասին պնդումներն անհիմն են։