Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին օրերին ինձ շատ են հարցնում, և ասեմ, որ այոʹ, կադաստրի համակարգում անցած տարում նույնպես եղել են պարգևատրումներ ու լինելու են, քանի որ պետական կառավարման համակարգում մենք պետք է ունենանք ազնիվ ու բարձր վարձատրվող աշխատակիցներ, հակառակ դեպքում մենք նորից կընկնենք կոռումպացված պետական համակարգի փակ ցիկլի շրջանի մեջ։
Դեռ աշնանը նոր կարգ ենք մշակել, և այս տարի պարգևատրումը լինելու է ոչ թե համահարթված ձևով, այլ` ըստ աշխատանքի որակի։ Իսկ 2018թ. օգոստոսից, ինչ ստանձնել եմ Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնը, համակարգի բոլոʹր աշխատակիցներն են ամեն ամիս աշխատավարձի 25%-ի չափով խրախուսում ստացել (եթե ա′յդ ամիս չեն ընդունվել աշխատանքի, եթե չեն ունեցել նկատողություն կամ արձակուրդում չեն եղել)։ Ռիսկային աշխատանք կատարողները, օրինակ՝ ռեգիստրները, այդ ընթացքում ավելի բարձր պարգևատրում են ստացել։
Ավելի բարձր են պարգաևտրվել նաև նրանք, ում աշխատավարձն անտրամաբանականորեն ցածր է՝ հավաքարարներ, վարորդներ և այլն։ Իսկ տարեվերջին ողջ համակարգը 25%-ի փոխարեն ստացել է 100%-ի խրախուսում, նաև անհատապես խրախուսել եմ մեր ձեռնարկած բարեփոխումների հիմնական պատասխանատուներին։
Արդյունքում՝ կոռումպացվածի համարում ունեցած համակարգի բոլոր աշխատակիցների ամսական ֆինանսական եկամուտը մոտ 50%-ով աճել է (մեր տվյալներով, կոռուպցիոն հոսքերը զրոյացվել են)։ Եվ մի կարևոր բան էլ՝ եթե նախկինում Կոմիտեն, որն ինքնաֆինանսավորվող մարմին է, գրեթե ամբողջովին ծախսում էր իր գեներացրած եկամուտները, ապա 2018-ի մենք պետական բյուջե ենք վերադարձրել շուրջ 538 մլն դրամ, ինչն ավելին է, քան 2012-ից ի վեր բոլոր տարիներին պետական բյուջե վերադարձված գումարները միասին։
Անձամբ ես տարվա ընթացքում խրախուսումներից միշտ հրաժարվել եմ։ Միայն տարեվերջին չեմ հրաժարվել՝ չհրաժարվող գործընկերներիս վատ դրության մեջ չդնելու համար (ֆինանսական պարգևատրումս կազմել է 640’000 դրամ, մի քիչ ավելի պակաս իմ տեղակալների՝ դեկտեմբեր ամսին ստացած գումարից)։
Չեմ գրում նախկին պարգևատրումների մասին, նույնիսկ մոտավոր հաշվարկներով չեմ գրում համակարգում եղած «սև» շրջանառության ու առավել ևս մինչ իմ նշանակումն իմ եկամուտների մասին։ Ինքս ինձ պարգևատրելու որոշման մասին երկար եմ մտածել և կրում եմ դրա թեʹ բարոյական, թե′ իրավական պատասխանատվությունը։ Անկեղծ ասած, տեսնելով հասարակության լայն շերտերի վերաբերմունքը, միգուցե սխալվել եմ, որից և կանեմ իմ հետևություններն ապագայում։
Հ.Գ. Արդեն որոշել էի գրել, երբ այս թեմայով այսօր կոնկրետ հարցադրումներ ստացանք նաև «Հետք»-ի լրագրողից, որին օրենքով սահմանված ժամկետում կպատասխանենք»։
Վերջին օրերին ինձ շատ են հարցնում, և ասեմ, որ այո′, Կադաստրի համակարգում անցած տարում նույնպես եղել են պարգևատրումներ ու…
Gepostet von Sarhat Petrosyan am Dienstag, 29. Januar 2019