SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 29-ին Կոտայքի մարզում գործող ԱԺ նախկին պատգամավոր, «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանին պատկանող «Պարտեզ» ռեստորանային համալիրում աղմկահարույց կրակոցների սպանության փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործը Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի որոշմամբ փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության վարույթ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խմբում ներգրավված են պրոֆեսիոնալ և իրենց գործին գիտակ քննիչներ, ովքեր արդեն սկսել են հսկայածավալ աշխատանքներ՝ հանցագործությունն ամբողջովին բացահայտելու ուղղությամբ՝ համագործակցելով ոստիկանության Կոտայի մարզային վարչության, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության հետ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 29-ին, քննիչի որոշմամբ որպես կասկածյալներ ձերբակալվել են Աբովյան քաղաքի 11-րդ փողոցի բնակիչ՝ 24-ամյա Շանթ Մելիքի Մանուկյանը և Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցի բնակիչ՝ 35-ամյա Արթուր Վարդանյանը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Շ. Մանուկյանը ձերբակալվել է ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, իսկ Ա. Վարդանյանը՝ ՀՀ քր. օր.-ի 258 հոդվածի 4-րդ մասի և 34-104 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Շ. Մանուկյանը նախկին պատգամավոր Մ. Մանուկյանի որդին է։
Ավելի վաղ հայտնել էինք. որ հունվարի 29-ին կրակոցներ էին հնչել Կոտայքի մարզում: Ժամը 01:30-ի սահմաններում ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ էր ստացվել Աբովյանի եւ Երեւանի մի քանի հիվանդանոցներից, որ հրազենային եւ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ, մի հոգի էլ՝ մահացած վիճակում:
Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հիվանդանոց էին մեկնել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաեւ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ:
Տեղում էին նաեւ ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ մահացածն ու վիրավորները հիվանդանոցներ են տեղափոխվել Աբովյան քաղաքում գործող ԱԺ նախկին պատգամավոր, «Շշի Մելո» մականվամբ Մելիքսեթ Մանուկյանին պատկանող «Պարտեզ» ռեստորանային համալիրից: Նշված ռեստորանային համալիրում աշխատել էին մեծ թվով քննիչներ՝ մարզի քննչական վարչության պետ Մ. Վարդանյանի ու Աբովյանի քննչական բաժնի պետ Ռուբեն Մկրտչյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ դեպքի վայր էին ժամանել նաեւ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության մեծ թվով փորձաքրեագետներ՝ փորձաքրեագիտական վարչության պետ Լ. Սաֆարյանի գլխավորությամբ: Գ. Շամշյանը հայտնել էր նաեւ, որ ռեստորանի բակն ու հարակից տարածքը հիշեցնում էին մարտի դաշտ:
Գործի էին դրվել մի քանի տեսակի զենքեր, այդ թվում՝ «Մակարով» եւ «TT» տեսակի ատրճանակներ, ռեստորանի եւ դրան հարակից տարածքում հայտնաբերվել էին մեծ թվով կրակված պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, երկաթե լինգ, որի վրա առկա էր արյան հետք, եւ արյունոտ գլխարկ: Ոստիկաններն ու քննիչները պարզում էին սպանվածի եւ 8 վիրավորների ինքնությունը: Ռեստորանի կուպեներից մեկում հայտնաբերվել էին «կառտեր», եւ այդ կուպեն քննիչի որոշմամբ փակվել էր, որպեսզի հատուկ փորձագետները զննություն կատարեն:
Փաստի առթիվ քննչական վարչության պետ Մ. Վարդանյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ եւ խմբի ղեկավարի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերի, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերի, 235-րդ հոդվածի 1-ին մասի և 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։
Գ. Շամշյանի տեղեկություններով, վիրավորների մեջ էին ԱԺ նախկին պատգամավոր Մ. Մանուկյանի ազգականները: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել էին նաեւ Կոտայքի մարզի դատախազ Խաչատրյանը, դատախազի տեղակալ Գասպարյանը։
Տեղում ծառայություն էին կատարում նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ, որպեսզի դեպքի վայրով անզգուշաբար չանցնեն ավտոմեքենաներ, մինչև քննիչները կավարտեին դեպքի վայրի զննությունը։ Նախկին պատգամավորի ձերբակալված 24-ամյա տղան է՝ Շանթ Մանուկյանը
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: