Alternativ.am-ը գրել է. «Սահմանադրական դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի դիմումի քննությունը։ Մասնավորապես, ներկայացվել էր դիմում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414²-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ։
Սահմանադրական դատարանը գտել է, որ դիմումը բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորված չէ և ակնհայտ անհիմն, բայց, միևնույն ժամանակ, իրավակիրառ պրակտիկայի տեսանկյունից կատարել է մի շարք կարևոր դիտարկումներ։ «Աշխատակարգային որոշումը բավականաչափ ծավալուն է, շուրջ 7 էջ։ Կարծում եմ, որ այն սահմանադրական արդարադատության դաշտի համար չափազանց կարևոր որոշում է, որովհետև անդրադարձ է կատարվել մի քանի սկզբունքային հարցերի, որոնք իրավունքի աղբյուր են հանդիսանում»,- Alternativ.am-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։
Ըստ Վարդևանյանի՝ ՍԴ-ն երկու շատ կարևոր հարցերում իրենց հետ համակարծիք է, մասնավորապես․ «Սահմանադրական դատարանը որոշման մեջ նշել է, որ բոլոր դատարանները կարող են մեկնաբանել և կիրառել Սահմանադրության դրույթները, սակայն վերջնական լուծում կարող է տալ միայն ՍԴ-ն, նման մոտեցում արձանագրվել էր նաև մեր դիմումում։
ՍԴ-ն նաև շատ հստակ ընդգծել է, որ դատարանները, առավել ևս Վճռաբեկ դատարանը, եթե նկատում են, որ կա նորմի մեկնաբանման խնդիր, որն ուղղակիորեն առնչվում է սահմանադրականության հարցին, պարտավոր են դիմել Սահմանադրական դատարան, սա իրավունքի զարգացման տեսանկյունից շատ կարևոր որոշում է»,- ասաց իրավաբանը՝ ընդգծելով, որ այս աշխատակարգային որոշումը շատ օգտակար է, ունի պարտադիր բնույթ, ինչպես ՍԴ այլ որոշումներ։
Արամ Վարդևանյանը կարծում է, որ ՍԴ-ն իրենց դիմումն իրավաբանորեն բավարար հիմնավորված չի համարել այն պատճառով, որ դրանում բավարար հստակությամբ չէր արձանագրվել, որ դատարանները, այդ թվում՝ Վճռաբեկը կարող են մեկնաբանել սահմանադրական նորմերը, որոնք վերաբերում են մարդու իրավունքերին։
«Գործնականում այս խնդիրը հաղթահարվող է, այլ հարց է, թե նման գործողություն կձեռնարկենք, թե՝ ոչ, ժամանակը ցույց կտա, դեռ հստակեցված չէ։ Մենք ևս երկու դիմում ենք ներկայացրել Սահմանադրական դատարան, տեսնենք՝ մյուսներն ինչ գործընթաց կանցնեն»,- եզրափակեց իրավաբան Արամ Վարդևանյանը»։