Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ներկայացրեց այն աղբյուրները, որոնց հաշվին հունվարի 1-ից Հայաստանում բոլոր սպառողների համար կնվազի գազի սակագինը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Ռոբերտ Նազարյանն ընդգծեց, թե ինքը կարծում էր, որ գազի սակագինը անապահով խավի համար պետք է նվազեր սահմանի վրա գազի սակագնի նվազման հաշվին, սակայն աղբյուրներն այլ են, որոնց մասին խոսել է նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Աղբյուրները 4-ն են: Դրանցից մեկը Ռուսաստանից Հայաստան հասնող գազի տարանցման գնի նվազումն է: Այդ տարանցման պայմանագրի ժամկետը լրանում է 2017 թ. հունվարի 1-ին: Այս պահին վրացական կողմի հետ բանակցություններ են ընթանում տարանցման սակագները նվազեցվելու ուղղությամբ: Այդ նվազեցման հաշվին խնայված բոլոր գումարները կուղղվեն խնդրի լուծմանը»,- ասաց Նազարյանը:
Ֆինանսավորման երկրորդ աղբյուրն այն արտոնություններն են, որոնք տրվում են բիզնեսին և սոցիալապես անապահով խավին: «Մենք ենթադրում ենք, որ պետք է սպառման լրացուցիչ ծավալներ ունենանք, որի հասույթը նույնպես կհանդիսանա ֆինանսավորման աղբյուր: Երրորդ աղբյուրն այն է, որ «Գազպրոմ Արմենիա»-ն դիտարկում է, որ իրենք ժամանակին ունեցել են բավականին մեծ ֆինանսական պարտավորություններ, որոնց մեծ մասն արդեն վերացել է և որոշակի օպտիմիզացիայի հաշվին որոշակի ֆինանսական միջոցներ ևս կուղղվեն խնդրի լուծմանը:
Չորրորդ ֆինանսավորման աղբյուրը, որը Ռոբերտ Նազարյանն ամենակարևորն է համարում, «Գազպրոմ» ընկերությունն է: ՀԾԿՀ նախագահը նշեց, որ «Գազպրոմ» ընկերությունը խոստացել է իր վրա վերցնել բոլոր ռիսկերը, որոնք կարող են առաջանալ առաջին երեք աղբյուրների բավարար չլինելու դեպքում: Նազարյանի խոսքով՝ եթե այդ աղբյուրները բավարար չլինեն, «Գազպրոմ»-ը կսուբսիդավորի մնացած մասը:
168.am