Apple ընկերությունն արդեն հաջորդ տարի պատրաստվում է թողարկել iPhone-ի նոր մոդել՝ ավելի հզոր 3D-խցիկով, ինչը նրան թույլ կտա զգալի առաջընթաց արձանագրել լրացուցիչ իրականության տեխնոլոգիաների մշակման բնագավառում:
Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով կորպորացիայի պլաններին իրազեկ մի աղբյուր: Ի տարբերություն արդեն iPhone X-ում գոյություն ունեցող՝ դեմքերի ճանաչման 3D-խցիկի, որը գործում է սոսկ 25-ից մինչև 50 սանտիմետր հեռավորության վրա, նոր խցիկը կկարողանա եռաչափ պատկերներ ստեղծել շուրջ հինգ մետր հեռավորության վրա:
Նշվում է, որ այդ առավելությունը սարքը կստանա լազերային սքանավորման նոր տեխնոլոգիայի շնորհիվ: Ըստ որում նախորդ սարքերում օգտագործվել է կետային պրոյեկցիան, որը վատ է գործում մեծ հեռավորությունների վրա: Գործակալության աղբյուրները նշում են, որ լազերային խցիկը նորամուծություններից միայն մեկն է, որոնք ընկերությունը պատրաստվում է օգտագործել նոր սերնդի iPhone-ում: