Աբովյան քաղաքի «Պարտեզ» ռեստորանի մոտ տեղի ունեցած զինված բախման քրեական գործի շրջանակում մոտ 20 խուզարկություն է կատարվել․ այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Իրավապահները խուզարկել են նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի տունը։
Խուզարկություն է կատարվել նաև «Շշի Մելո» մականունով հայտնի Մելիք Մանուկյանի տանը, որի որդին՝ Շանթ Մանուկյանը, ձերբակալված է նույն գործով։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը զինված միջադեպ է տեղի ունեցել։ Նախնական տվյալներով՝ «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչը վերածվել է զինված բախման։
Հնչած կրակոցների հետևանքով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ է ստացել Աբովյանի քաղաքի բնակիչ 30-ամյա Արտաշես Գևորգյանը, իսկ 7 անձ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերի (մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանությունը) 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերի (Մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու կամ ավելի անձանց սպանության փորձը), 235-րդ հոդվածի 1-ին մասի(Ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, կրելը) և 258-րդ հոդվածի 4-րդ մասի (խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով) հատկանիշներով։
Գործի շրջանակում հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը։
Նշենք, որ «Պարտեզ» ռեստորանը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, «Շշի Մելո» մականունով հայտնի Մելիք Մանուկյանին: