Կոյուղաջուրը հոսում է շենքի դիտահորից, ողողում է փողոցը, մայթը, խաղահրապարակն ու հարակից տարածքը։ Այս մասին NEWS.am-ին հաղորդեց Արարատի մարզի Արարատ քաղաքի Խանջյան 62 հասցեի բնակիչներից մեկը։ Արդեն 4-րդ օրն է՝ խցանված է կոյուղատարը, և դիտահորից կեղտաջուրը դուրս է հոսում։
Հունվարի 29-ին՝ խնդիրը նկատելուն պես, բնակիչները տեղեկացրել են «Վեոլա Ջուր» ընկերությանը։ «Շնորհակալություն, մենք ահազանգը գրանցեցինք»,- պատասխանն են ստացել, սակայն մինչ այս պահը խնդիրը վերացնելու ուղղությամբ որևէ իրական քայլ չի նկատվել։
Ըստ բնակչի՝ այս կոյուղատարի խցանումը պարբերական բնույթ է կրում, խնդիրը հիմնային լուծում չի ստանում, ահազանգի մասին լսելիս էլ ստանդարտ պատասխան են տալիս. «Խնդրի մասին գիտենք, այդ ուղղությամբ աշխատանքներ ենք տանում»։ Կոյուղաջրով ողողված փողոցն ասֆալտապատվել է անցյալ տարի. «Այդքան ֆինանսական միջոցներն էլ, փաստորեն, այսպես կորում են»,- նշեց նա։
Թեպետ դեռ ձմեռ է, սակայն Արարատի մարզի եղանակը, մասնագիտական գնահատմամբ, արդեն իսկ կարող է նպաստել տարբեր հիվանդությունների տարածմանը։ «Ես՝ որպես բժիշկ, կարող եմ ասել, որ եղանակն արդեն բարենպաստ է տարբեր բակտերիաների աճի և տարածման համար»,- նշեց բնակիչը։ «Վեոլա Ջուր» ընկերության մամուլի և հասարակության հետ կապերի պատասխանատու Մուրադ Սարգսյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ տվյալները կարող է ճշտել և խնդրի մասին խոսել ոչ շուտ, քան ժամը 14։00-ին։