Style in Business․ մեր խորագրի հյուրն է «Aga Kankanyan» իմիջ կենտրոնի հիմնադիր, արդեն 21 տարի դիմահարդարման աշխարհում հայտնի և սիրելի Ագան։
Հանդիպման առաջին իսկ վայրկյաններից էլ նկատելի էր Ագայի ակտիվությունը, էներգիան, գործի ու իր հաճախորդի հանդեպ ունեցած յուրահատուկ սերը։
-Հագուստի դիզայներն ինչպե՞ս դարձավ դիմահարդար:
-Հագուստի դիզայները մանկությանս երազանքն էր։ Հիշում եմ՝ տատիկս անընդհատ կարում էր, ես ասում էի․ «Տատի՛կ, որ մեծանամ, քո նման սիրուն բաներ եմ կարելու»։ Ինքն ինձ սովորեցնում էր և մինչ օրս էլ այդպես է, որ պետք է անպայման համբերություն ունենալ։
Իմ անցած ճանապարհն եղել է աստիճանի պես, և ես հերթականությամբ անցել եմ, բարձրացել։ Այն ժամանակ Հայաստանում դիզայնի դպրոցներ դեռ չկային, ու կարծես հենց ինձ համար բացվեց «Ատեքս» կենտրոնը՝ Անդրեյ Միլմանի գլխավորությամբ։
Դիմահարդարումը՝ որպես մասնագիտություն, դեռ չկար, բայց ես, տարիքիցս առաջ ընկնելով, կազմակերպում էի նախ ցուցադրություններ, հետո կերպարներն ամբողջացնում դիմահարդարմամբ։ Հենց այստեղից էլ հագուստի դիզայները դառնում է դիմահարդար։
-Իսկ ինչո՞ւ:
-Որովհետև անհամբեր եմ, շա ՜տ (ծիծաղում է․-հեղ․)։
Դիզայներին պետք է մի քանի ամիս` վայելելու ստեղծած հավաքածուի հաճույքը, իսկ այստեղ ես արագ եմ տեսնում արդյունքը։
-Երկու տարբեր մասնագիտություններն ինչո՞վ են իրար նման։
–Մի ընդհանրություն կա՝ ճաշակ։
Գիտեք, ճաշակը միակ բանն է, որ մարդուն չես կարող սովորեցնել։ Իմ կենտրոնի աշխատողներն ունեն տարբեր մասնագիտություններ, իրենց ընտրելիս ես հաշվի եմ առել մի կարևոր սկզբունք՝ լինեն ճաշակով։ Ես նրանց կարող եմ դիմահարդարում սովորեցնել, բայց ոչ ճաշակ։ Մենք կերպարներ ենք ամբողջացնում․ ոճին ճիշտ, բաց աչքով նայել է պետք։
-Մինչ դիմահարդարումը Ձեր հաճախորդին տեսնելիս պատկերացնո՞ւմ եք՝ ինչպիսին է լինելու արդյունքը:
-Այո, ես գործ ունեմ մարդու հետ և ոչ՝ օրինակ կտավի։ Մարդու բնավորությունը, էությունը․․․․ամեն դետալ կարևոր է ստանալու համար այն արդյունքը, որը կստիպի ինքն իրեն սիրել։
–Գեղեցիկ և ճիշտ է այն դիմահարդարումը, որը…․
-Շատ սազում է իրեն:
-Ժամանակին Դուք ունեցել եք ընդամենը 3 վրձին․․․․իսկ այսօր ի՞նչ է պետք լավ դիմահարդար դառնալու համար:
–Կարդալ մարդու դեմքը, ոճը, ունենալ ճաշակ և ստեղծել իրեն հատուկ կերպարը։
Ես ամեն ինչն անում եմ սիրով ու հավեսով։ Իմ բախտը բերել է, որ հենց այս գործով եմ զբաղվում․ գրասենյակային աշխատանքն ինձ համար չէ (ժպտում է․-հեղ․)։
Ամբողջությամբ՝ el.am