
Հայաստանում հոկտեմբերի 6-9-ն անցկացվելիք «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով»-ին մասնակցություն են ունենալու Google-ի, Amazon-ի և Facebook-ի ղեկավարությունները: Ինչպես հաղորդում է «Սպուտնիկ-Ղազախստանը»-ը, այս մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ով Ալմաթիում մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից առաջ անցկացվող «Թվային օրակարգը գլոբալիզացիայի դարաշրջանում. Եվրասիական նորարարական էկոհամակարգ» համաժողովին։
«Ուզում եմ բոլոր ցանկացողներին հրավիրել այս լուրջ միջոցառմանը. հոկտեմբերի 6-9-ը Երևանում կկայանա «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը»: Կլինեն Google-ի, Amazon-ի և Facebook-ի և այլ ընկերությունների ղեկավարություններ: Հետաքրքիր հարթակ կլինի մեր հերթական հանդիպման համար»,- ասել է Գրիգորյանը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Երևան է հրավիրել նաև Ալմաթիում «Թվային օրակարգը գլոբալիզացիայի դարաշրջանում 2. Եվրասիական նորարարական էկոհամակարգ» համաժողովի մասնակիցներին:
Երևանում կկառուցվի նաև «Ինժեներական քաղաք», որը պատրաստ կլինի 2020թ. փետրվարին: