
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը այսօրվանից կրկին անժամկետ հացադուլ է հայտարարել։ Իմ բոլոր հորդորները` դադարեցնել հացադուլը և նորից փորձել սկսել քննարկումներ` մշակույթի դեռևս գոյություն ունեցող նախարարության և կինոարտադրողների ազգային ասոցիացիայի հետ, անցան ապարդյունք։ Քիչ առաջ խոսեցի մշակույթի փոխնարարար Նազենի Ղազարյանի հետ։ Ըստ փոխնախարարի` մշակույթի նախարարությունն այս պատմության մեջ մեղավորության իր բաժինը չունի։ Հովհաննես Գալստյանը, հակառակը, պնդում է, որ նախարարությունն իր մեծ պատասխանատվությունն ունի։
Հացադուլը հարցի լուծում չէ։ Որպես Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, կոչ եմ անում Հովհաննեսին` դադարեցնել հացադուլը, իսկ մշակույթի նախարարությանն ու կինոարտադրողների ազգային ասոցիացիային` չհրաժարվել սեփական պատասխանատվության չափից և սկսել եռակողմ բանակցություններ։ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը պատրաստ է դառնալ այդ քննարկումների հարթակը»։