Կառավարության դիմաց այսօր բողոքի ակցիա անցկացրին փողոցային առևտրով զբաղվողները: Ցուցարարների պահանջներին ծանոթանալու համար նրանց մոտեցավ ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։ Նրա հարցին, թե արդյոք պաշտոնապես դիմել են քաղաքապետարան, առևտրականները պատասխանեցին, որ գրավոր դիմում են ներկայացրել, սակայն պատասխան չեն ստացել։ Վարչապետի խոսնակը լսեց ակցիայի մասնակիցներին և խոստացավ հետամուտ լինել նրանց խնդրի լուծմանը։
Նշենք, որ ակցիայի մասնակիցները պահանջում էին թույլ տալ շարունակել փողոցում առևտուր անել կամ առնվազն նոր աշխատատեղեր տրամադրել։ Հիշեցնենք՝ փողոցային առևտրի կանխման մասին հունվարի 8-ին ավագանու նիստի ժամանակ հայտարարել էր քաղաքապետ Հայկ Մարությանը։
Նա նշել էր, որ քաղաքային իշխանությունները փոխզիջումային տարբերակ են գտել և պատրաստվում են փողոցային առևտրով զբաղվողներին քաղաքային շուկաներում ժամանակավոր անվճար տեղեր հատկացնել։