• Կառավարության նոր որոշմամբ (https://www.e-gov.am/gov-decrees/item/31325) հիմնադրամ հանդիսացող բուհերի (այդ թվում՝ ԵՊՀ-ի) համար փոփոխվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման նախկին ձևը։ Սա պաշտոնական ձևակերպումն է, որ քաղել եմ համապատասխան տեքստերից։ Իսկ ավելի պարզ ասած՝ անմիջապես Գիտության պետական կոմիտեից կամ կառավարությունից բազային ֆինանսավորում ստացող գիտահետազոտական միավորները (միայն ԵՊՀ-ում՝ թվով 33, ընդհանուր աշխատակիցները՝ ավելի քան 450) այլևս չեն ստանալու այդ ֆինանսավորումը։ Բազային ֆինանսավորումը կարծես թե փոխարինվելու է մրցութայինով (à la «տենդեր»)։
• Թեմային ոչ խորագիտակ ընթերցողներին չձանձրացնելու համար բերեմ այսպիսի անալոգ․ պատկերացրե՛ք, որ ՀՀ ՊՆ-ն կամ Արցախի ՊԲ-ն ամեն բյուջետային տարվա սկզբին հայտարարեն մրցույթ՝ ՀՀ ՊՆ N զորամասի «մենեջմենթի» կամ Արցախի N պաշտպանական շրջանի կազմակերպման համար։ Ու ամեն տարի ցածր գին ասող ֆիրմաները հաղթեն՝ պարտավորվելով սեփական նյութատեխնիկական միջոցներով (առանց հնից օգտվելու, որովհետև հինն օրենքի ուժով պիտի փոխանցվի ՊՆ ու ՊԲ, եթե չի օգտագործվում զորամասերի կողմից) ու մարդկային կադրերով (sic!) կատարել պայմանագրային պարտավորությունները։ Ասենք՝ X ընկերությունը, շահելով Մարտակերտի պաշտպանական շրջանի «տենդերը», կարող է որոշել, որ պետք է նոր զորամաս կառուցել նախալեռնային շրջանում, սարքել, սարքել, տարին պրծնի, մյուս տարի արդեն ուրիշ ընկերություն շահի «տենդերը», «նոր զորամասը» մնա անավարտ, հիմա էլ այդ ուրիշ ընկերությունը յուրովի լծվի «արարելուն»։
• Զվարճալի է հնչում, բայց գիտահետազոտական բնագավառն էլ նույն կերպ պահանջում է հետևողական ինստիտուցիոնալ աշխատանք, կադրերի՝ պարբերական, ոչ թե «գռուբի» փոփոխություն և, գրողը տանի, ինչքան էլ դա «տհաճ» կարող է հնչել, բազային, իմա՛՝ կայուն ու երաշխավորված ֆինանսավորում։
Հ․Գ․ Այս առնչությամբ ԵՊՀ արհեստակցական կազմակերպության բաց նամակը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին – https://www.facebook.com/photo.php?fbid=2458898240851604&set=a.117330355008416&type=3&theater
Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան էջից: