Այսօր՝ փետրվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 36-ամյա Գրիգոր Քանքանյանը իր վարած Mercedes մակնիշի 21 QQ 002 համարանիշի ավտոմեքենայով Դավիթաշենի կամրջի վրա դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել կամրջի երկաթե արգելապատնեշին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Քանքանյանը կոտրվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհայիյն ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատը։ Փրկարարները վարորդին մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենային։ Բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորին, այնուհետև տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր է ժամանել նաև Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Գ. Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մինչև ոստիկանների ժամանումը, անհայտ անձինք ավտոմեքենայի վրայից հանել էին համարանիշը ու դեպքի վայրում ոստիկաններին ու փրկարարներին ասում էին, որ ավտոմեքենան եղել է առանց համարանիշների։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: