Կոտայքի մարզպետը դատի է տվել նախկին կրթության վարչության պետի ժ/պ-ին. hraparak.am
Advertisement 1000 x 90

Կոտայքի մարզպետը դատի է տվել նախկին կրթության վարչության պետի ժ/պ-ին. hraparak.am

ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել էր, որ դատական հայց է ներկայացրել մի քաղաքացու դեմ, որն իրեն հրապարակային զրպարտել եւ վիրավորել է: Պետրոսյանը նշել էր, որ հայցը պարունակում է 68 դրվագ եւ պահանջում է, որպեսզի տվյալ անձը ներողություն խնդրի իրենից, ինչպես նաեւ առավելագույն չափով սահմանված գումար վճարի` զրպարտելու եւ վիրավորելու համար:

Պարզվում է, որ Կոտայքի մարզպետը դատի է տվել Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի նախկին ժամանակավոր պաշտոնակատար՝ Հերմինե Ադամյանին: Նա Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի հովանավորյալն էր, ով Գուլոյանի օրոք ցանկանում էր դառնալ կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ, բայց «մուրազն» անկատար մնաց:

Հերմինե Ադամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Մարզպետն ինձանից է նեղացել: Ես՝ «նախկին ռեժիմի» ներկայացուցիչս, որ պարզվում է լուրջ վտանգ եմ ներկայացնում նոր իշխանությանը, հանդգնել եմ իմ ֆեյսբուքյան էջում գրել՝ այն էլ ամենակարող մարզպետի գործունեության մասին: Փաստորեն 68 կետը դուրս է գրվել իմ ֆեյսբուքյան էջից: Այսօր ստացա ծանուցումը՝ մարզպետն ինձ դատի է տվել: Այս ինչ լավն եք դուք, ես հարգում եմ ձեր տեսակը (չեք վիրավորվում չէ՞) Բայց դուք խիղճ ունեք, հասկացանք կարդալու հետ խնդիր չունենք, բայց հայցը 37 թե՞րթ: Ամբողջ ֆեյսբուքս արտագրել եք որ ի՞նչ, գոնե թուղթ խնայեիք, առավել ևս պարգևավճար չեք ստացել… Հիմա լուրջ, մարտահրավերն ընդունված է: Ամբողջն ուսումնասիրելուց հետո հայտարարություն կանեմ, բայց ի սկզբանե ասեմ, սա քայլ է ազատ խոսքը սահմանափակելու համար: Դուք բան ու գործ չունեք, 6 ամիս իմ ֆեյսբոււքյան էջից դուրս չեք եկել՝ իմ անձնական էջից, դուք հիմա բաներեք դուրս գրել, որոնք հայտնվում էին ֆեյք էջերում նաև… ով է ձեզ թույլ տվել պիտակավորելու ինձ, որպես նախկին ռեժիմի ներկայացուցիչ, գոնե հասկանում եք ինչ է դա և ինչ պաշտոն եմ զբաղեցրել ես, ով է ձեզ թույլ տվել մեղադրելու ինձ սեփական լրատվականներ պահելու մեջ: Հատ-հատ բացահայտելու եմ իրականությունը, ձեր նեղվածության իրական պատճառը: Կլինեմ հին, թե նոր ռեժիմի անդամ, ես ՀՀ քաղաքացի եմ ու այս երկիրը ձեր «բոստանը» չէ, որ ինչ ուզեք ցանեք, ինչ չէ՝ արմատախիլ անեք: Այդքան նեղված եք, բայց դատարան էլ չեք գալու, ինչու՞, ես ուզում էի ձեր աչքերին նայել… Դե, ի գործ…»:

Հերմինե Ադամյանին հարցրինք, թե ի՞նչ է պատրաստվում անել. «Այս պահին որեւէ բան չեմ կարող պատասխանել, եթե-ներով չեմ խոսում, կլինի ընթացքը բոլորը կտեսնեն»,- ասաց Ադամյանը:

Կոտայքի մարզպետը էլ գտնում է, որ դատական ճանապարհը օրենքի գերակայության երկրում ամենաինստիտուցիոնալ ճանապարհն է իր դեմ նման զրպարտիչներին և ակնհայտ «սևացման» արշավ տանող ապատեղեկատվության աղբյուրին սաստելուն. «Հետամուտ լինել և հասնել «ատելության խոսքի» և զրպարտանքին օրենքի ճանապարհով սաստմանը, ապա՚ այո, գնալու եմ մինչեւ վերջ: Դատը շահելու վստահությունն ունեմ անշուշտ, և այդ գումարն ուղղվելու է մարզային ենթակայության դպրոցներից մեկում որևէ կարևոր խնդրի լուծմանը։ Հնարավոր եմ համարում այն ուղղել հենց այն նույն դպրոցին, որն ավարտել է այդ պատասխանողը»:

hraparak.am