Այս հավելվածներից շատերն ունեին միլիոնավոր բեռնումներ:
Google ընկերությունն իր ֆիրմային խանութից վերջերս ջնջել է 29 նմանատիպ հավելվածներ, որոնք լավացնում էին լուսանկարների որակը: Այդ հավելվածներից շատերը գողանում էին օգտատերերի նկարները և կարող էին դրանց միջոցով բացել կեղծ հաշիվներ սոցիալական ցանցերում:
Այս հավելվածներն անհանգստացնում էին օգտատերերին անընդհատ երևացող գովազդներով, թարմացման պահանջներով և մեծահասակների համար նախատեսված բովանդակությամբ: Նման բաներների միջոցով հավելվածներն օգտատերերից գումար էին պահանջում, սակայն անգամ գումարը ստանալուց հետո չէին անհետանում:
Շատ օգտատերեր վնասներ են կրել զանազան մրցույթների պատճառով: Հավելվածի ներսում անցկացվող մրցույթների շահումները ստանալու դիմաց օգտատերերը պետք է լրացնեին անձնական տվյալները: Իրականում ոչ մի մրցանակ էլ չկար: Հավելվածի հեղինակները պարզապես ստանում էին օգտատերերի տվյալները և փոխանցում դրանք անհայտ կողմերին:
Վտանգը բացահայտել է Trend Micro ընկերությունը, որը մասնագիտացած է թվային անվտանգության ոլորտում: Ըստ ընկերության՝ նմանատիպ հավելվածների շարքին են պատկանում Cartoon Art Photo, Pro Beauty Camera և Emoji Camera հայտնի հավելվածները: Սրանք բեռնվել են մի քանի միլիոն անգամ:
Բեռնելուց հետո նման հավելվածները շատ դժվար է ջնջել: Դրանք կարող էին թաքնվել և անգամ ջնջելուց հետո մնալ սմարթֆոնում՝ չերևալով գլխավոր էկրանին:
Այս հավելվածներն արդեն իսկ ջնջված են Google Play-ից, սակայն, եթե դրանք արդեն բեռնված են, պետք է անմիջապես ջնջել սմարթֆոնից: Եթե լուսանկարների խմբագրման ձեր հավելվածներն արդեն իսկ չկան Google Play-ում, նշանակում է, որ դրանք ևս համարվել են վտանգավոր:
Խորհուրդ է տրվում հավելվածները բեռնելուց առաջ ուշադրությամբ ուսումնասիրել այլ օգտատերերի կարծիքները և հավելվածն առաջարկող ընկերությունը:
Սիրարփի Աղաբաբյան