Փետրավարի 14-ին` ժամը 12-ին, Արարատի և Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Տիգրան Ավինյանի հայցով դատաքննությունը` ընդդեմ Politik.am-ի: Նիստը կվարի դատավոր Գ.Բալայանը:
Politik.am-ի պաշտպանությունը ստանձնած «Թի Էմ Ջի Ընդ Փարթնըրս» իրավախորհրդատվական կազմակերպության ղեկավար Տիգրան Ղազարյանը նշում է` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1 հոդվածի համաձայն՝ անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ.
«Սույն քաղաքացիաիրավական պաշտպանության ինստիտուտի շրջանակներում՝ Տիգրան Ավինյանը ներկայացրել է Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազիի դեմ հայց։ Մեր համոզմամբ, սույն հայցը անհիմն է, քանի որ առերևույթ Politik.am կայքի հրապարակման մեջ առկա չի եղել արատավորման դիտավորություն, չկա պատվին, արժանապատվությանը հասցված, բարի համբավին հասցված վնաս, Բորիս Մուրազիի գործողությունները տեղավորվում են ինչպես խոսքի ազատության իրավունքի վերաբերյալ ՀՀ առկա իրավակարգավորումների, նախադեպային որոշումների, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի խոսքի ազատության իրավունքին վերաբերող իրավական դիրքորոշումների շրջագծում»։
Հիշեցնենք, որ Politik.am-ում տեղեկություն էր հրապարակվել այն մասին, որ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը իր մի քանի ընկերների հետ աշխատանքային ժամի, կառավարությունում մարիխուանա է օգտագործել։