Ինչո՞ւ է Հեկտոր Սարդարյանի դատավոր որդին հրաժարական ներկայացրել. armdaily.am
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ է Հեկտոր Սարդարյանի դատավոր որդին հրաժարական ներկայացրել. armdaily.am

Ինչպես հայտնի է, Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է դադարեցնել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արսեն Սարդարյանի լիազորությունները նրա դիմումի հիման վրա։ Նշենք, որ Արսեն Սարդարյանը դատավոր էր նշանակվել 2016թ. հունվարի 29-ին: Նա մինչ այդ զբաղվում էր փաստաբանական գործունեությամբ:

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ դատավորի հրաժարականի պատճառները անձնական են, դժվար է ընտանիք պահել և Սյունիքում աշխատել։ Երևան տեղափոխվելը այդքան էլ հեշտ չէ, իսկ աշխատավարձի բարձրացում էլ դատավորները չեն ակնկալում գոնե մոտ ապագայում։ Արսեն Սարդարյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունները. «Շատ հեռու էր, սիրում էի այդ աշխատանքը, դրա համար աշխատեցի, սպասեցի երեք տարվա ստաժս լրանա, մոտ մեկ տարի է՝մտածում էի դուրս գալու մասին։

ԲԴԽ-ից դժգոհ չեմ, օբյեկտիվ տեղափոխություններ են անում, իրենք նայում են ժամկետին, ով քանի տարի է աշխատել, ինձնից առաջ տեղափոխվածը օրինակ 10 տարի աշխատել էր Սևանում։ Ես գոհ եմ իրենցից, ԲԴԽ-ն օբյեկտիվ է աշխատում, դժգոհություն չունեմ։ Ամբողջ աշխատավարձը տալիս ես տուն վարձել, ճանապարհածախս, նոր Կառավարությունը որոշում է ընդունել, որով հունվարից կփոխհատուցեն կամ բնակարանի հարցը կամ ճանապարհածախսը»։

Արսեն Սարդարյանը դեռ չգիտի՝ ինչով կզբաղվի, նա որոշ ժամանակ կհանգստանա, այնուհետև կվերականգնի փաստաբանական լիցենզիան։ Նշենք, որ Արսեն Սարդարյանը մինչ դատավոր դառնալը 5 տարի զբաղվում էր փաստաբանությամբ, մոտ 3 տարի է՝ դատավոր է, նրա եղբայրը ևս փաստաբան է, հայրն էլ ՀՔԾ նախկին քննիչ, մի շարք աղմկահարույց գործեր քննած Հեկտոր Սարդարյանն է։

armdaily.am