ՀՀ Ազգային ժողովի Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը միաձայն ընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում:
Փետրվարի 8-ին տեղի ունեցած նիստում նրա թեկնածությունն առաջադրեց ԱԺ-ում մեծամասնություն ունեցող «Իմ քայլը» խմբակցությունը:
Նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրված Հերիքնազ Տիգրանյանը հույս հայտնեց, որ իրենց հանձնաժողովը կկարողանա արդարացնել հանրության սպասելիքները:
«Որքանով որ ակնկալիքները այս մեր հանձնաժողովից հանրության մոտ շատ ավելի մեծ են, որովհետև իրենց կյանքի որակի փոփոխությունները սպասում են հենց մեր հանձնաժողովից, կարծում եմ, որ կկարողանանք արդարացնել իրենց սպասելիքները: Կարծում եմ՝ երկար տարիների կուտակած փորձս կկարողանամ ծառայեցնել ի շահ մեր հանձնաժողովի աշխատանքների»,- նշեց Տիգրանյանը:
Հանձնաժողովն առաջին նիստում միաձայն հաստատեց նաև հանձնաժողովի աշխատակարգի նախագիծը:
«Սա տիպային աշխատակարգի օրինակ է և ամբողջությամբ արտացոլում է Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի դրույթները: Ցանկացած դեպքում, եթե կարիք լինի, կարող ենք նիստ հրավիրել և աշխատակարգում որոշակի փոփոխություններ իրականացնել»,- ասաց հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը:
ՀՀ Ազգային ժողովի Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովիկազմը բաղկացած է 12 անդամից: «Իմ քայլը» խմբակցությունը հանձնաժողովում ունի 8, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները՝ 2-ական անդամ: