ՀՀ կրթության և գիտության, նաև Մշակույթի նախարարությունները նախադպրոցական հաստատությունների և երաժշտական դպրոցների աշխատանքը վերահսկելու հնարավորություն չունեն: Հիմնականում այդ ֆունկցիան կատարում է ՏԻՄ-ը:
Բարձրաձայնելով ոչ պատշաճ վերահսկողության խնդիրը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտություն տեսավ:
«Խնդրահարույց վիճակ է ստեղծվել երաժշտական դպրոցների և նախադպրոցական հաստատությունների համար: Դրանց հիմնական գործունեությունը տրված է ՏԻՄ-ին, սակայն ծրագրերը մշակում է կրթության նախարարությունը: Այս երկու ոլորտները վերահսկում է ՏԻՄ-ը, իսկ կրթական ծրագիրը տրվում է նախարարության կողմից: Սակայն նախարարությունը որևէ վերահսկիչ հնարավորություն չունի, որ հասկանա` իր ծրագիրն իրականանում է, թե ոչ: Մշակույթի նախարարությունն էլ չի կարողանում վերահսկել երաժշտական, արվեստի դպրոցների գործունեությունը: Իսկ ՏԻՄ մարմիններն էլ ստուգում են առավելագույնը նախադպրոցական հաստատություների սնունդը, ինչի համար վճարում է կատարվում»,- ասաց պատգամավորը:
Նա շեշտեց, որ կրթության որակը վերահսկելու կարիք կա, սակայն չկա որևէ մեխանիզմ: Հովսեփյանի կարծիքով` պետք է իրապես օրենսդրական բարեփոխումներ կատարել, որոնցով հնարավոր կլինի մշակել կրթության բաղադրիչը: