ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ դատական հայց է ներկայացրել Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանը: Հայցադիմումը ներկայացված է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանին, այն պատվի եւ արժանապատվության պաշտպանության պահանջի մասին է. «Արման Բաբաջանյանն Անդրանիկ Մանուկյանի վերաբերյալ արել է արտահայտություններ, որոնցից երկուսը՝ վիրավորական են, 5-ը՝ զրպարտություն»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Անդրանիկ Մանուկյանի ներկայացուցիչ, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:
«Մենք այն կարծիքին ենք, որ Արման Բաբաջանյանը պետական գործիչ է եւ լավ է հասկանում, որ անկախ պատճառներից՝ իր ասածը շատ վիրավորական է եւ մենք համոզված ենք, որ վեճը հաշտությամբ կլուծվի, ներողությունը մարդու համար է: Օրենքն ասում է, որ պետք է հաշվի առնենք պատասխանողի գույքային դրությունը, մենք Արման Բաբաջանյանի գույքային դրությունը առայժմ չգիտենք եւ նպատակ չունենք նրան ֆինասական վնաս տալու, ընդամենը Անդրանիկ Մանուկյանի շահերն ենք պաշտպանում, որպեսզի երկու վիրավորական արտահայտությունների մասով ներողութուն խնդրի, 5 զրպարտութունների մասով ԱԺ-ում հավատարմագրված ԶԼՄ-ների միջոցով հերքում տարածի, իսկ ընդյանուր՝ 7 դրամ փոխհատուցում»:
Ալեքսանդր Սիրունյանը փոխանցեց նաեւ, որ նույնիսկ օգնում են Արման Բաբաջանյանին, իր փոխարեն հարցումներ են ուղարկել ԱԳՆ. « Խնդրել ենք մեզ տալ բոլոր այն դեսպանների ցուցակները, որոնք դիվանագետ չեն եղել, որպեսզի հասկանանք՝ ամենախնդրահարույցը Մանուկյա՞նն էր:
Քրեակատարողական հիմնարկներ ենք հարցում արել, ուզում ենք հասկանալ՝ Անդրանիկ Մանուկյանն ու Արման Բաբաջանյանը քրեական անցյալ ունեն, թե ոչ: Ուզում ենք նաեւ հասկանալ՝ «կասկածելի անցյալ» ասելով ի՞նչ նկատի ունի: Հարցում ենք ուղարկել նաեւ Անդրանիկ Մանուկյանի նախորդ զբաղեցրած պաշտոնների վերաբերյալ»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ հունվարի 16-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետությունն արտերկրում դեսպաններ է նշանակել կասկածելի կենսագրություն քրեական անցյալ ունեցող անձանց։ «Դրանցից ամենախնդրահարույցը եղել է Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը, որը, ըստ ուկրաինացի դիվանագետների, տարիներ շարունակ զբաղված է եղել ՀՀ դեսպանատան անվամբ դիվանագիտական համարանիշեր ստանալով և տեղի հայ քրեականներին վաճառելով կամ նվիրաբերելով»,– ասել էր նա: