Քիչ առաջ «Առավոտը» «Ռոսկոմնադզորից» ստացավ պաշտոնական գրություններ, ըստ որոնց՝ մեր ռուսերեն էջը հանվել է անհատական տվյալների խախտողների ռեեստրից:
Ճշտեցինք, որ դրանից հետո «Առավոտի» ռուսերեն կայքէջն այլեւս հասանելի է ՌԴ տարածքում:
Հիշեցնենք, որ «Առավոտը» արգելափակվել էր Ռուսաստանում «Շավարշ Քոչարյան. Ռուբեն Թաթուլյանը կարգավորում էր Սոչիի հայ համայնքի խնդիրները» հոդվածից Թաթուլյանի վերաբերյալ տվյալները հանելու «Ռոսկոմնադզորի» պահանջը չկատարելուց հետո:
Արդեն իսկ արգելափակված վիճակում եւս մի ծանուցում էինք ստացել, որով պահանջում էին հեռացնել նաեւ մեկ այլ հրապարակման մեջ Ռուբեն Թաթուլյանի վերաբերյալ տվյալները: Այդ հրապարակումը վերաբերում էր ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակած ցանկին՝ մի խումբ անձանց և կազմակերպությունների, որոնք կապ ունեն կազմակերպված հանցավորության և օրենքով գողերի հետ: Եվ այստեղ էլ կար Ռուբեն Թաթուլյանի անունը:
Հենց առաջին արգելափակումից հետո Ռուսաստանում Հայաստանի դեսպանությանը եւ «Ռոսկոմնադզորին էր դիմել Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը: Ավելի ուշ, երբ պարզ դարձավ, որ ՌԴ տարածքում արգելափակված կայքերի թիվը մոտ մեկ տասնյակ է՝ նաեւ Հայաստանի ԱԳ նախարարությունը միջամտեց: Երեկ «Ռոսկոմնադզորի» ղեկավարության հետ էր հանդիպել Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը: Եվ կարելի է ենթադրել, որ արգելափակման վերացումը ձեռք բերված պայմանավորվածությունների հետեւանք է:
Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ