Վերջին օրերին մամուլում ակտիվ շրջանառվում են Գլխավոր դատախազ դառնալ ցանկացողների անուններ: Խոսակցություններ կան, որ Փաշինյանը ազատվելու է Արթուր Դավթյանից, ու տարբեր թիմեր փորձում են այդ պաշտոնը ձեռք գցել: Ամենաակտիվը նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակիցներն են: Տեր-Պետրոսյանին աջակցող մամուլը գրում է, որ Գլխավոր դատախազի լավագույն թեկնածուն Գագիկ Ջհանգիրյանն է:
Մեր տեղեկություններով՝ նոր իշխանությունները հակված են Ջահանգիրյանին տեսնել այդ պաշտոնում: Ասում են՝ Ջհանգիրյանը վերջին տարիներին կոռուպցիոն պատմությունների մեջ չի եղել ու ընդդիմադիր ճանապարհ է անցել:
Ջհանգիրյանին անվանել կոռուպցիոն պատմություններին հեռու մարդ, մեղմ ասած, անտեղյակություն է: Ջհանգիրյանը, ով եղել է ՀՀ զինդատախազ և իր ամբողջ կյանքում պետական համակարգում է եղել, չգիտես՝ որտեղից, կարողացել է մեծ կարողություն կուտակել: Հասկանալու համար, թե նա աղքատ Հայաստանում ինչպիսի կարողություն է կուտակել, պետք է միայն տեսնել «Մոնումենտում» 1990-ական թվականների վերջին կառուցված եռահարկ շքեղ առանձնատունը, որն այժմ Ջհանգիրյանը վարձակալությամբ է տվել, և այդ տարածքում տեղկայված է Իրաքի Հանրապետության դեսպանությունը:
Հետաքրիր է, թե անկաշառ Գագիկ Ջհանգիրյանը ի՞նչ միջոցներով է կարողացել նման առանձնատուն կառուցել:
Չպետք է նաև մոռանալ այն գործերը, որ զինդատախազ եղած ժամանակ վարել է Ջհանգիրյանը: Մամուլում տասնյակ անգամներ է գրվել նրա կողմից խեղված ճակատագրերի մասին: Գրվել է, թե նա ինչպիսի անտարբերությամբ է մոտեցել երիտասարդների ճակատագրերին, որոնք դժբախտություն են ունեցել հայտնվել նրա տիրույթում:
Ու այս դեպքում անգամ Սերժ Սարգսյանի հավատարիմ դատախազ Արթուր Դավթյանն է առավել ընկալելի, քան Գագիկ Ջհանգիրյանը: Ու եթե Փաշինյանը նրան նշանակի Գլխավոր դատախազ, ապա դա հստակ մեսիջ կլինի հանրությանը, որ վերադառնում ենք 90-ականներ անարխիային:
Դառը ճշմարտություն