Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը փետրվարի 9-ին ընդունել է անցած տարի ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության ավագ ենթասպա Արա Շախգուլյանի այրուն՝ Մարինե Շախգուլյանին, և որդիներին՝ Դավիթ և Ալբերտ Շախգուլյաններին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը ներկա են գտնվել նաև ոստիկանության պետի տեղակալները:
Վալերիյ Օսիպյանը նշել է, որ ոստիկանության ավագ ենթասպա Արա Շախգուլյանի կատարածը հերոսություն է, քանի որ նա ծառայողական պարտքը գերազանց է իրականացրել և զոհվել զինված հանցագործին վնասազերծելիս:
Ոստիկանության պետն իր աջակցությունն է հայտնել զոհված ոստիկանի ընտանիքին և վստահեցրել, որ ողջ համակարգը նրանց կողքին է և կաջակցի ու կօժանդակի բոլոր հարցերում:
2018 թվականի մայիսի 3-ին Երևանի բանկերից մեկում տեղի էր ունեցել ավազակային հարձակում: Այդ պահին Արա Շախգուլյանը եղել է բանկի տարածքում և երբ լսել է բանկի աշխատակիցների ձայները, հետապնդել է ավազակային հարձակում գործած անձին: Տեսնելով իրեն հետապնդող ոստիկանին՝ հանցագործը կրակոց է արձակել ոստիկանի ուղղությամբ և սպանել նրան: