Նոյեմբերի 6-ին առաջին անգամ Վանաձորում անցկացվեց BarCamp չկոնֆերանսը, որն ուներ «Դըբա լավը, դըբա Բարքեմփ» կարգախոսը: Տեղեկատվական տեխնոլոգիաների շրջանակներում անցկացվող BarCamp չկոնֆերանսն անցկացվում էր Վանաձորի նորաբաց տեխնոլոգիական կենտրոնում:
BarCamp Վանաձորի կազմակերպիչ Կարեն Տերտերյանի խոսքով՝ Վանաձորում չկոնֆերանսի կազմակերպումը երազանք էր, որը վերջապես հնարավոր եղավ իրագործել: «ԲարՔեմփ» անցկացվել է Երևանում, Գյումրիում, Վանաձորում, և Կարեն Տերտերյանը հույս է հայտնում, որ Հայաստանի այլ քաղաքները ևս կմիանան այս շարժմանը:
«Եթե դուք ունեք ցանկություն, ապա մենք գալիս ենք ձեր քաղաք: «ԲարՔեմփ» կազմակերպելը տեղի ակտիվ երիտասարդների գործն է: Եթե կա գաղափար, եթե կա ցանկություն և նպատակ, ապա թե՛ «ԲարՔեմփ» Երևանի, թե՛ «ԲարՔեմփ» Գյումրիի և թե՛ արդեն «ԲարՔեմփ» Վանաձորի թիմերը պատրաստ են ցուցաբերել իրենց աջակցությունը, ինչպես տեղի ունեցավ այս անգամ»,- նշում է Կարեն Տերտերյանը:
Վանաձորի նորանշանակ քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի խոսքով՝ «ԲարՔեմփը» տեղի երիտասարդության համար ավելի զարգանալու ու Հայաստանի համար շատ կարևոր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առաջխաղացում ունենալու համար շատ լավ հնարավորություն է:
«ԲարՔեմփ» Վանաձորին մասնակցում էին ոչ միան տեղի երիտասարդները, այլև մեծաթիվ հյուրեր Գյումրիից և Երևանից:
Այս անգամ ելույթներից շատերն ուղղված էին տեղեկատվական անվտանգությանը, IT ոլորտի մութ կողմերին, հաջողված նախագծեր ստեղծելու գաղտնիքներին, նոր մեդիաներին, սոցիալական ցանցերին, բլոգոսֆերային, Web 2.0-ին և 3.0-ին, ստարտափներին, բաց կոդերին, մոբայլ հավելվածներին և այլն:
Հրավիրված բանախոսների թվում էին ինտերնետ անվտանգության և ոլորտի այլ մասնագետներ՝ Սամվել Մարտիրոսյանը, Արթուր Պապյանը, Անդրանիկ Վարդանեանը, Նարեկ Մանասերյանը և այլք: Բացի հրավիրված բանախոսներից, մեծ թիվ էին կազմում նաև բանախոսները, ովքեր ելույթ էին ունենում սեփական նախաձեռնությամբ:
Ամբողջությամբ՝ 168.am