«Իմ քայլը» դաշինքի պատգամավորը քայլում է դեպի հայրենասիրության վերջին հանգրվան. hayastan24.com
Advertisement 1000 x 90

«Իմ քայլը» դաշինքի պատգամավորը քայլում է դեպի հայրենասիրության վերջին հանգրվան. hayastan24.com

Ֆեյսբուքյան  օգտատեր Հարութ Ուլոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ԶԼՄ-ներն ողողվել են «Պետք է պատրաստ լինել փոխզիջումների. Լևոն Զուրաբյանը հարցազրույց է տվել ադրբեջանական լրատվամիջոցին» վերտառությամբ նյութերով:

Հիստերիկ արձագանքները, իհարկե, բացառապես վերնագրից արվող դատողությունների արդյունք են, գլխավոր խնդիրը, սակայն, լրատվականների կողմից իրականացվող նպատակաուղղված մանիպուլյացիոն ու վարկաբեկիչ գործողություններն են:

Իրականում ի՞նչ է ասում Լևոն Զուրաբյանը ադրբեջանական լրատվականին տված հարցազրույցում: Զուրաբյանը ոչ ավել, ոչ պակաս ասում է հետևյալը` «Տեր-Պետրոսյանն ասում է, որ նոր պատերազմի դեպքում Ադրբեջանը կարող է նոր տարածքներ կորցնել և թող չմտածի, որ կհաղթի: Պետք է պատրաստ լինել փոխզիջումների:

Ադրբեջանը պետք է գիտակցի, որ առանց դրա ոչինչ հնարավոր չէ»: Ավելին, Զուրաբյանը նույն հարցազրույցում ասում է նաև հետևյալը` «Գլխավոր խնդիրը վստահության բացակայությունն է, և հենց այդ պատճառով ցանկացած զիջում վտանգավոր է դառնում: Անհրաժեշտ են վճռորոշ քայլեր՝ սահմանների բացում, ուղիղ շփում: Պետք է համաձայնության հասնել: Ի՞նչն է խանգարում Իլհամ Ալիևին հանդիպել Բակո Սահակյանի հետ: Չէ՞ որ ղարաբաղցիներին ձեր քաղաքացի եք համարում: Բանակցեք ձեր քաղաքացիների հետ: Միգուցե այսօր համաձայնության չգաք կարգավիճակի շուրջ, սակայն համաձայնության կգաք նախնական կարգավիճակի, ինչ-որ երաշխիքների շուրջ:

Միգուցե այդպիսով համոզեք ղարաբաղցիներին, որ իրենք են սեփական ճակատագիրը կերտողները: Ճիշտ է, ադրբեջանցիները կարող են ասել՝ «այսօր դա են ցանկանում, վաղն ավելի շատ կցանկանան», սակայն այլընտրանք չկա»:

Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանի մասով ներկայումս ընթացող գործընթացների վերաբերյալ հարցին Զուրաբյանը պատասխանում է. «Դա Հայաստանի ներքին գործն է: Չէի ցանկանա քննարկել այդ թեման ադրբեջանական մամուլի հետ»:

Ես չեմ պատկերացնում որևէ ռացիոնալ մարդ, ով տվյալ հարցերի վերաբերյալ Զուրաբյանի հնչեցրած պատասխանները բացասական գնահատի», նշել է Հ. Ուլոյանը:

Խմբ. կողմից. Արտառոցն այն է, որ Լ. Զուրաբյանի դեմ սկսված հիստերիկ արշավի դրոշակակիրների ավանգարդում հայտնվել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը: Ընդ որում, նրա արձագանքը իսկապես կարելի է հիստերիկ որակել: Իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ես պատրաստ եմ փոխզիջման: Դաշտային Արցախն ամբողջությամբ կփոխարինեմ ձեր նման անհայրենիք կերպարների հետ: Սկսենք բանակցությունները, թե լավ է»:

Սկսենք այնտեղից, որ նման արձագանքը ցույց է տալիս պատգամավորի ցածր կուլտուրան: Քաղաքականապես ցածր որակները, եթե մարդուն վերագրում է մտքեր, որոնք չեն ասվել: Ու սա շատ վատ է: Վատ է իշխանությունների համար: Նիկոլ Փաշինյանի համար: Ուռա-պատրիոտներով շատ առաջ գնալ չի ստացվի: Լևոն Զուրաբյանն ասում է՝ Ադրբեջանը պետք է պատրաստ լինի փոխզիջումների, թե բա՝ անհայրենիք կերպար է: Աղջիկ ջան, ցանկացած հակամարտության լուծում ենթադրում է փոխզիջումներ, որին Ադրբեջանն այս պահին պատրաստ չէ: Արցախյան հակամարտության կարգավորման 25 տարվա գործընթացում փոխզիջումների հարցը մշտապես քննարկվել է բանակցությունների ընթացքում, փոխզիջումը եղել է բանակցային սեղանին դրված կարևորագույն բաղադրիչը, հիմա քո ասելով, 25 տարի երկիրը ղեկավարել են բացառապես անհայրենի՞ք մարդիկ, անհայրենի՞ք դիվանագետներ, անհայրենիք զինվորականնե՞ր, դու երկու մետր քայլելով եկար, մտար խորհրդարան, ու հանկարծ բացահայտեցիր բոլոր անհայրենիքների՞ն:

Մի բան կարող ենք վստահաբար ասել. կգա ժամանակը, և փոխզիջումների անհրաժեշտության մասին կխոսի նաև ահա այս նույն Սոֆյա Հովսեփյանը: Սրանում կարելի է մազաչափ չկասկածել:

Համենայնդեպս, վերջին 20 տարվա պատմությունը ցույց տվեց, որ ով ամենաբարձրն է գոռացել հայրենասիրության մասին, ամենաշատը նրանք ենք մեր պետականության ծանրագույն հարված հասցրել, ամենաշատը նրանք են Հայաստանի և Արցախի համար նվաստացուցիչ զիջումների համաձայնվել, ամենաշատը նրանք ենք ռազմահայրենասիրական կարգախոսների ներքո երկիրը կործանման ուղիով տարել: Չէինք ցանկանա, որ հետագայում «Իմ քայլը» դաշինքի պատգամավորն էլ նրանց շարքին դասվեր:

hayastan24.com