Ստացել եմ առաջարկ՝ անցնելու շատ ավելի կարևոր աշխատանքի. Գևորգ Ալթունյանը հեռանում է Հ1-ից. armtimes.com
Advertisement 1000 x 90

Ստացել եմ առաջարկ՝ անցնելու շատ ավելի կարևոր աշխատանքի. Գևորգ Ալթունյանը հեռանում է Հ1-ից. armtimes.com

Հանրային հեռուստաընկերությունում կադրային փոփոխություններ են սկսվել: Աշխատանքից ազատվել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրեն Գևորգ Ալթունյանը:

Վերջինս առաջիկայում հնարավոր է նշանակվի Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ՝ այդ պաշտոնում փոխարինելով ՔՀԾ 1-ին դասի պետական խորհրդական Վարդան Ավետիսյանին: Վերջինս, հիշեցնենք, Սերժ Սարգսյանի մորաքրոջ որդին է:

Գևորգ Ալթունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեռ վերջնական որոշում չի կայացրել Պաշտպանության նախարարության հետ կապված:

– Պարոն Ալթունյան, ո՞րն է Հանրային հեռուստաընկերությունից հեռանալու պատճառը:

– Ես ստացել եմ այլ առաջարկ՝ անցնելու շատ ավելի կարևոր և շատ ավելի պատասխանատու աշխատանքի: Որոշում եմ կայացրել, որ պետք է ընդունեմ այդ առաջարկը:

– Ի՞նչ առաջարկ է:

– Առաջիկա երկու օրվա ընթացքում, մինչև չհստակեցվի, չեմ կարող ասել:

– Ըստ մամուլի տեղեկությունների, Պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնում եք նշանակվելու, համապատասխանո՞ւմ է իրականությանն այս տեղեկատվությունը:

– Ես խնդրում եմ ևս երկու-երեք օր սպասեք, մինչև վերջնական հստակեցվի:

– Իսկ ձեր առաջարկը ՊՆ-ի՞ց է:

– Ոչ միայն այնտեղից: Պետական տարբեր կառույցներից, մասնավոր հատվածից: Բայց, քանի դեռ վերջնական որոշում չունեմ, չնշենք:

– Ինչպե՞ս եղավ, որ միանգամից այդքան առաջարկներ ստացաք:

– Գիտեք, միանգամից չէր: Ժամանակի ընթացքում անընդհատ առաջարկում էին:

– Կշարունակե՞ք Հանրային հեռուստաընկերությունում հաղորդում վարել:

– Չէ, որովհետև ենթադրում եմ, որ աշխատանքի ծանրաբեռնվածության պատճառով ժամանակ չեմ ունենա զբաղվելու հեռուստատեսային հաղորդումներով:

Նշենք, որ Գևորգ Ալթունյանին Հանրային հեռուստաընկերությունում փոխարինելու է Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության նախկին տնօրեն, դաշնակցական Հարություն Հարությունյանը:

Վերջինս ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանրային հեռուստաընկերության ղեկավարության կողմից ստացել եմ առաջարկ ստանձնել Հանրային Հեռուստաընկերության քաղաքական և լրատվական հաղորդումների բաժնի կառավարումը: Չեմ մերժել առաջարկը: Ավելին, ընդունելով այն, ուզում եմ տեղեկացնել, որ «առաջին լրատվականը» (խնդրում եմ չշփոթել 1in.am-ի հետ) առաջիկայում կունենա նոր ղեկավար:
Հ.Գ. Խնդրում եմ չշնորհավորել»:

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանիցհետաքրքրվեցինք, թե արդյո՞ք Ալթունյանին առաջարկվել է փոխարինել Վարդան Ավետիսյանին: «Եթե նման բան լինի, կլինի հրաման, եթե չկա հրաման, ես չեմ կարող մեկնաբանել»,- պատասխանեց նա: