Կոռուպցիայի հերթական օրինակը ՊԵԿ-ում. աշխատաքնի մրցույթի մասնակիցը դժգոհ է. politik.am
Advertisement 1000 x 90

Կոռուպցիայի հերթական օրինակը ՊԵԿ-ում. աշխատաքնի մրցույթի մասնակիցը դժգոհ է. politik.am

Politik.am-ի խմբագրություն էր դիմել ՊԵԿ-ի կազմակերպած՝ «Հյուսիսային մաքսատուն-վարչության փաստաթղթային հսկողության բաժնի մաքսային տեսուչ» աշխատանքի ընդունման մրցույթին մասնակցած Հասմիկ Ադամյանը, ով պատմեց, որ մրցույթն, իրականում, բեմադրված ներկայացում էր, և անցել է կեղծիքի և անարդարության մթնոլորտում:

Ըստ մեր զրուցակցի՝ պաշտոնը ստացել է ՀՀ անձնագրային և վիզաների վարչության Գյումրիի անձնագրային բաժանմունքի նախկին պետ Գագիկ Խաչատրյանի որդի Արարատ Խաչատրյանը, և դա պատահական չէ.«Վերջինս այդ հաստիքում ժամանակավոր պաշտոնակատար էր, ու այդ բեմականացված մրցույթով օրինականացվեց վերոհիշյալ անձի աշխատանքի անցնելը` հիմնական հաստիքով»,-ասում է Հասմիկ Ադամյանը:

Մրցույթը տեղի է ունեցել 2 փուլով: Բանավոր փուլին ներկա են եղել առաջին փուլն անցած մասնակիցները՝ այդ թվում՝ Հասմիկ Ադամյանը և Արարատ Խաչատրյանը: Հասմիկ Ադամյանն ասում է՝ ինքը ևս ներկա է եղել Արարատ Խաչատրյանի պատասխանելու ընթացքում, և վերջինիս պատասխանը եղել է ամենաթույլը. դա վկայում է մրցույթի ռեյտինգային ցուցակը, որում նա ամենացածր միավորներով ամենավերջին տեղը զբաղեցրած մասնակիցն է: Հասմիկ Ադամյանը, իր խոսքով, հնարավոր 100 միավորից 100 միավոր է ստացել:

«Սա կոռուպցիայի հերթական օրինակ է: Իրենց ժամանակավոր պաշտոնակատարին հիմնական պաշտոն տալու համար ձևական մրցույթ են կազմակերպում՝ մարդկանց ցույց տալով, թե պետական կառույցներում աշխատանքի անցնելը արդար է կատարվում և մրցութային կարգով»,-ասում է Հասմիկ Ադամյանը:

Հասմիկ Ադամյանի կարծիքով՝ պատահական չէ, որ պաշտոնում ընտրվել է ժամանակավոր պաշտոնակատարը: Ըստ Ադամյանի դիտարկման՝ նրան նախապես տալիս են նաև գրավոր ու բանավոր մրցույթների հարցերն ու պատասխանները, հետո, երբ ինքը պատրաստ է լինում, հայտարարում են մրցույթի անցկացման մասին:

Հասմիկ Ադամյանը բազմաթիվ բաց նամակներ է հղել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին: Հունվարին իրեն ՊԵԿ հանդիպման է կանչել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի քարտուղարուհին՝ Սաթինե Գզողյանը.«Ինքը սուտ բաներ էր խոսում: Ցույց է տալիս, թե մարդկանց բողոքները լսում է, բայց իրականում իրեն ոչ մի բան էլ հետաքրքիր չէ, մեզ էլ ընդունել է միայն այն պատճառով, որ Դավիթ Անանյանն է հրահանգել ընդունել բաց նամակ հղած անձանց: Պարզ է՝ իրենց հայեցողությամբ է կատարվում ընտրությունը»,-ասում է Ադամյանը:

Համիկ Ադամյանը տեղեկացրեց նաև, որ պատրաստվում է դիմել վարչական դատարան:

Politik.am-ը դիմել է նաև ՊԵԿ՝ պարզելու, թե ի՞նչ ընթացակարգով է անցկացվել «Հյուսիսային մաքսատուն-վարչության փաստաթղթային հսկողության բաժնի մաքսային տեսուչ» աշխատանքի ընդունման մրցույթը, և ի՞նչ չափորոշիչներով է կատարվել ընտրությունը: Տեղեկությունը ստանալուն պես՝ կհրապարակենք այն:

politik.am