Երեկ հրավիրված մամուլի ասուլիսում Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, Խոսքի ազատության պաշտպանության կամիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը և Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն իրենց տարակուսանքն էին հայտնել Հանրային հեռուստաընկերության խորհրդի անդամների և նախագահի ընտրության համար, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախաձեռնությամբ ստեղծված անկախ մրցութային հանձնաժողովի ձևավորման մասով:
…Մինչդեռ Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանն Aravot.am-ի հետ զրույցում ասել է, որ ամիսներ առաջ իրեն զանգահարել է Սաթիկ Սեյրանյանը և ասել, որ նման հանձնաժողով է ստեղծվում ու հետաքրքրվել`ինքը դեմ չէ՞, որ Սաթիկ Սեյրանյանի թեկնածությունը հաստատվի, իբրև հանձնաժողովի անդամ: «Ես ասել էի`ոչ, դեմ չեմ Սաթիկ ջան: Իսկ ինչո՞ւ`ոչ: Բայց հետո մոռացել էի: Ես կարծում էի, թե ամեն մի միություն պետք է մի մարդ ներկայացնի: Կարծում էի, թե մեզ էլ պիտի առանձին նամակ գա, հետո առանձին մենք էլ որոշենք: Ես դրա մեջ չէի խորացել: Էս էր պրոբլեմը, թե չէ ինքն ինձ զգուշացրել էր: Իհարկե, Սաթիկն ինձ զանգել է և ես համաձայն եմ եղել դրա հետ»:
Ի դեպ, երեկ, «Ռադիոլուրի» հետ զրույցում, այժմ արդեն ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն այս ամենի վերաբերյալ ասել է, որ ամեն ինչ եղել է օրենքով եւ որևէ հակասություն օրենքի հետ`չկա: Նա լրագրողական կազմակերպությունների ղեկավարներին հորդորում է. «Բացել օրենքը Հեռուստատեսության և ռադիոյի մասին, որտեղ այդ հանձնաժողովի ձևավորման կարգն է գրած և մեջը մեկ բառ չկա, որ մենք պարտավոր ենք խորհրդակցել ստեղծագործական միավորումների կամ հասարակական կազմակերպությունների, կամ նախարարությունների հետ: Օրենքի ուժով, հանձնաժողովը իրավունք ունի նշանակել ցանկացած անդամ: Բարի կամքը շահարկման առարկա չեն դարձնում: Ընդհանրապես, ընթացակարգը, շահարկման առարկա չեն դարձնում»:
Ամբողջությամբ՝ aravot.am