Ս․թ․ փետրվարի 4-ին, ի պատասխան մեր պաշտոնական դիմումի՝ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում հրավիրվել էր անվտանգության խորհրդի նիստ։
Նիստը գլխավորում էր քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։ Նիստին ներկա էին ՊԶՀԱ նախագահ Յաշա Սոլոմոնյանը, փոխնախագահ Զարուհի Օրբելյանը, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ, «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ ներկայացուցիչներ, ինչպես նաև ներկայացուցիչներ ՀՀ կառավարությունից։
Քննարկման հիմնական թեման էր օդանավակայանի տարածքում գործունեություն ծավալող անհատ տաքսու վարորդների խնդիրը։
ՊԶՀԱ ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց հուզող խնդիրները, մասնավորապես՝ անհատ տաքսիստների գործունեության հետևանքով պետության զբոսաշրջային իմիջին հասցվող վնասը, զբոսաշրջային բիզնեսին հասցվող վնասը, օդանավակայանում աշխատանքային գործունեություն իրականացնող զբոսավարներին պատճառվող անհարմարություններն ու նրանց անվտանգության ապահովման խնդիրները։
Քննարկման մասնակից բոլոր կողմերն էլ միակարծիք էին, որ օդանավակայանի տարածքում գործունեություն իրականացնող անհատ տաքսու վարորդները մի քանի տասնամյակ է՝ խնդիրներ են ստեղծում բոլոր կողմերի համար։ Քննարկման արդյունքում որոշվեց՝ ներկայացնել հայեցակարգեր՝ խնդիրը օրենսդրորեն և հիմնովին լուծելու համար։
Ոստիկանության ներկայացուցիչները մեզ հավաստիացրեցին, որ օդանավակայանի սպասասրահում ծառայություն իրականացնող ոստիկաններն առավել աչալուրջ կլինեն տեղում ծագած խնդիրներին։
Մենք կոչ ենք անում մեր բոլոր գործընկերներին, ծագած յուրաքանչյուր խնդրի դեպքում անմիջապես տեղեկացնել տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանին, հնարավորության դեպքում ֆիքսել տեղի ունեցող միջադեպը /տեսաձայնագրման կամ այլ մեթոդով/, ֆիքսել այն ոստիկանի կոչումն ու անունը, ում դիմել եք՝ օգնության նպատակով։ Ցանկացած խնդրի դեպքում դիմել մեզ։ Մենք կանենք հնարավորը՝ օրինական կարգով խնդիրները լուծելու համար։
ՀԳ․ «Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիայի» անդամները կստանան նաև համապատասխան հեռախոսահամարներ՝ թեժ գծերի և արագ արձագանքման կենտրոնների հետ կապ հաստատելու համար։
ՊԶՀԱ վարչություն