Փետրվարի 12-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Վարդաշեն թաղամասի Գուրգեն Մահարի փողոցում՝ թիվ 55 տան դիմաց, բախվել են Opel մակնիշի 4837 տրանզիտ համարանիշի և մեկ այլ Opel մակնիշի 35 CT 284 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն, որոնցից մեկը ճանապարհին մահացել է: Դեպիք վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում վթարի վայրի հարևանությամբ բնակվողներն ասում էին. «Նշված հատվածում միշտ ավտովթարներ են տեղի ունենում, բազմաթիվ անգամներ դիմել ենք Երևանի քաղաքապետարան ու Էրեբունու թաղապետարան, խնդրելով, որ այս հատվածում արհեստական անհարթություններ տեղադրեն, սակայն ոչ մի դրական արդյունք չունենք, ինչի պատճառով էլ որոշ «վայ վարորդներ» կասկադյորական ձևով վարելով ավտոմեքենաները՝ ստեղծում են ավտովթարներ: հուսով ենք, որ գոնե այս անգամ պատկան մարմինները իրենց ուղեղներին զոռ կտան ու կհասկանան, որ այսօր ամենաթանկ բանը մարդն է ու արհեստական անհարթությունների խնդիրը կլուծեն»:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: