Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի լույս 12-ի գիշերը Վանաձորի Շիրակի խճուղու տներից մեկում հայտնաբերել ու ձերբակալել են Աղասի Հովհաննիսյանին։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 29-ամյա Հովհաննիսյանը հունվարի 22-ից ոստիկանության Սպիտակի բաժնի կողմից հետախուզվում էր մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված սպանության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Դեպքը տեղի էր ունեցել հունվարի 15-ին, Սպիտակում։ Ժամը 13-ն անց 20-ի սահմաններում «Սպիտակ» բժշկական կենտրոնից ոստիկանության տարածքային ստորաբաժանում էին հաղորդել, որ 41-ամյա մի տղամարդ է բուժհաստատություն տեղափոխվել։ Ախտորոշվել էր «որովայնի հրազենային վիրավորում, ագոնալ վիճակ, ձախ ականջի ամպուտացիա և աջ ականջի կտրած վերք»։ Հոսպիտալացված 41-ամյա Գարուշ Մարությանը գիտակցության չգալով մահացել էր: Նույն օրը հրազենային վնասվածքով մեկ այլ տղամարդու հիվանդանոց տեղափոխվելու վերաբերյալ ահազանգ էր ստացվել նաև ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին։ Խոսքը «Վանաձոր» բժշկական կենտրոնում հոսպիտալացված 31-ամյա Կամո Քալաշյանի մասին էր։
Ոստիկանության աշխատակիցները նախ պարզել են, որ դեպքը տեղի էր ունեցել Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում գտնվող ԱՊՊԱ գրասենյակներից մեկում: Շուտով հայտնի է դարձել, որ տղամարդիկ հիվանդանոցներ էին տեղափոխվել նույն վայրից։ Ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները գրասենյակն ու հարակից տարածքը մանրակրկիտ զննել են, հայտնաբերել՝ արնանման հետքեր, հրազենի գնդակ և այլն։
Հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ իրավապահները պարզել են կատարվածի մի շարք հանգամանքներ, որոնց հիմնավորման արդյունքում՝ հրազենային վիրավորումով «Վանաձոր» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում ստացող Կամո Քալաշյանը սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է։ Հետագայում նրան մեղադրանք էր առաջադրվել և խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։
Սպիտակի քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանականերում ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողներն իրականացրել են տարաբնույթ հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ՝ բացահայտելով դեպքին առնչվող նոր փաստական հանգամանքներ։ Իրավապահները պարզել են, որ հիվանդանոցում մահացած տղամարդու ուղղությամբ, բացի կալանավորվածից, կրակել էր նաև Աղասի Հովհաննիսյանը։ Դեպքից վեց օր անց՝ հունվարի 21-ին նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում էր կայացվել։ Հունվարի 22-ին էլ հայտարարվել էր հետախուզում։
Ազգային անվտանգության ծառայողների կողմից հայտնաբերված Աղասի Հովհաննիսյանը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։