Հայաստանյան սոցիալական մեդիայի դաշտը անցնում է հետաքրքիր ձևափոխումների միջով։ Եվ հետաքրքիրն այն է, որ շատ փոփոխություններ հասարակության կողմից չեն գիտակցվում։
Պատճառն այն է, որ փոփոխությունները կատարվում են ավելի շատ երիտասարդների շրջանում։ Իսկ միջին տարիքի և մեծահասակ լսարանը սոցցանցերում առանձնապես չի զգում փոփոխությունները։
Վերջին ամիսներին պահպանվում են հիմնական տենդենցները․ Ֆեյսբուքը գտնվում է լճացման մեջ, լսարանը տատանվում է մոտավորապես 1,3 – 1,4 միլիոն ամսական ակտիվ օգտատերերի շրջակայքում, իսկ Օդնոկլասնիկին շարունակում է անկումը։
Հայաստանից ամենաայցելված կայքերը հունվարի տվյալներով, ըստ Similarweb-ի: Օդնոկլասնիկները նահանջել են ևս մեկ կետով։ Դեռ մեկուկես տարի առաջ այն առաջին հորիզոնականում էր։
Մյուս կողմից, Ինստագրամը շարունակում է աճել կայուն կերպով և հիմնականում երիտասարդության հաշվին։
Այսինքն, նոր օգտատերերի՝ դպրոցականների, մեծ մասը այլևս չի էլ մտնում Ֆեյսբուք, շրջանցելով այն՝ անցնում է Ինստագրամ։
Արդեն մի քանի ամիս առաջ էր նկատվում, որ սոցցանցային խմբերը սկսում են իրարից անջատվել։
Արդեն գոյություն չունի մեկ հասարակական հարթակ՝ Ֆեյսբուք։ Նաև բարեկամների հետ շփվելու և ծանոթանալու ևս մի հարթակ՝ Օդնոկլասնիկի։
Ֆեյսբուքի գերքաղաքականացումը, որը ոչ միայն շարունակվում է, այլև՝ խորանում, պարտադրում է բոլոր նրանց, ովքեր ներքաշված չեն այս գործընթացների մեջ, պարզապես արտագաղթել այստեղից։
Փաստացի սկսվում է տարիքային բաժանում։
Մեծահասակների մեծ մասը տեղյակ էլ չէ, որ Յություբում երիտասարդությունը ակտիվ կյանք է վարում, որ այստեղ կան վլոգերներ կամ յություբերներ (անվանեք, ոնց ուզում եք), որոնք ունեն ավելի մեծ լսարան, քան լրատվականների մեծ մասը։
Իհարկե, սա չի նշանակում, որ իրենք ստեղծում են մրցակցություն։ Բովանդակությունը խիստ տարբերվում է։ Առայժմ տարբերվում է։
Ամբողջությամբ՝ media.am