Գործարար Սիլվա Համբարձումյանը Factor.am-ի հետ զրույցում հերքում է տարածված տեղեկությունը, թե ինքը անձամբ կաշառք է տվել «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
«Ես Քոչարյանին անձամբ կաշառք չեմ տվել և նրա դեմ նման ցուցմունք չեմ տվել, ես Մայրապետյան Սամվելի դեմ եմ ցուցմունք տվել։ «Մարտի 1»-ի հետ կապված էր, 2 միլիոն դոլար փոխանցում ունեի և ասում էին՝ ինչի՞ համար ես տվել, ես էլ չէի հիշում, հետո ասեցի՝ հա հիշեցի, Մայրապետյանին 2 միլիոն փոխանցել եմ կաշառքի համար։ Մայրապետյանն էլ ասաց՝ այո՛, փոխանցել ա, բայց չգիտեմ ինչի համար։ Այսինքն՝ Մայրապետյանը հաստատեց, որ փոխանցում իմ կողմից իրեն եղել է, բայց ինչի համար՝ չի ասել։ Իմ փոխանցումը փաստաթղթով հիմնավորված է։ Մայրապետյանն էլ մտերիմ ա Քոչարյանի հետ, դրա համար ինձ տարել էին հարցաքննության։ Ես գումար տվել եմ Մայրապետյանին, ես անձամբ Քոչարյանին գումար չեմ տվել։ Ես ասել եմ, որ Մայրապետյան Սամվելի հետ եմ գործ ունեցել, իրեն եմ տվել, մնացածը ի՞նչ ա եղել, ինձ չի հետաքրքրել»,- ասաց նա:
Երեկ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը հայտարարություն տարածեց՝ հայտնելով, որ փետրվարի 12-ին երկրորդ նախագահին առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրվել:
Factor.am-ի հարցին՝ ինչո՞ւ է Քոչարյանի պաշտպանական խումբն իր անունը շրջանառում, Սիլվա Համբարձումյանն ասաց, որ չգիտի․ «Ուզում եմ գտնել նրան, որ տենց բան ա հայտարարել և պարզաբանումներ կմտցնեմ»։ Տիկին Համբարձումյանը պարզաբանման համար այսօր զանգել է նաև Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանին․ «Հենց նոր ես կապվեցի Օրբելյանի հետ, ներկայացա Սիլվա Համբարձումյանն եմ, ասի՝ կարո՞ղ եք ապացուցել․․․, նա վախից չխոսեց ու անջատեց հեռախոսը»։
Գործարարն ասաց նաև, որ իր համար նույնիսկ զարմանալի է, որ իր անունը կապվում է Քոչարյանին առաջադրված նոր մեղադրանքի հետ․ «Հոկտեմբերի 6-ից մինչ օրս ես «Մարտի 1»-ի գործով չեմ հարցաքննվել։ Իմ անունը Քոչարյանի հետ կապում են Մայրապետյան Սամվելով։ Մայրապետյան Սամվելին ես ինչի՞ համար պետք ա փող տայի, երևի որպես վարկած են այդպես մտածում»։
Սիլվա Համբարձումյանից հետաքրքրվեցինք նաև՝ ի՞նչ նպատակով է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը շրջանառել իր անունը, գործարար կինը նշեց․ «Քոչարյանի փաստաբանները երևի 200 միլիոն վերցրել են իրան պաշտպանելու համար, չգիտեն՝ էլ ինչեր խոսեն։ 200 միլիոնը ես կարդացել եմ մամուլում, փաստաբանները հիմա ձեռքերը գցել են փրփուրների, որովհետև չեն կարողանում պաշտպանել լիարժեք, դրա համար իմ անունն էլ են շահարկում»։
Պարզաբանման խնդրանքով Factor.am-ը կապվեց Քոչարյանի պաշտպաններից փաստաբան Հայկ Ալումյանի հետ, որը նշեց, որ մեկնաբանություններ կանի միայն մեղադրանքին ամբողջությամբ ծանոթանալուց հետո։ Factor.am-ը պարզաբանման համար կապվեց նաև ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանի հետ։ Նա ասաց, որ Քոչարյանին նոր առաջադրված մեղադրանքի հիմքի հետ կապված այս պահին տեղեկություն չեն հաղորդում։ Սիլվա Համբարձումյանի և Քոչարյանի պաշտպանական խմբի պնդումների միջև եղած հակասությունը ևս Մարինա Օհանջանյանը չմեկնաբանեց։
Ամբողջությամբ՝ factor.am