Այսօր Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստին ցուցմունք է տալիս վերջինի նախկին ընկերը՝ «Կենտրոնի Կյաժ» մականունով Դավիթ Սիմոնյանը։
Իր ցուցմունքում Դ. Սիմոնյանը պատմել է, որ 2007թ. ապրիլի 1-ին ժամը 16:00-ի սահմաններում գտնվել է Հայկ Սարգսյանին պատկանող բնակարանի տան նկուղային հարկում (Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարան): «Այնտեղ էինք ես, Հայկը և Արթուրը: Հայկը քնած էր, Արթուրի հետ վեճ առաջացավ: Չկարացինք իրար մեջ կիսել թմրանյութը։ Ցանկանում էի ինձ էլ տար: Հայկն արթնացավ, ասեց՝ խելոք մնա, կկրակեմ ու կրակեց:
Ինձ տարան Պռոշյանի վրա գտնվող երրորդ հիվանդանոց, որտեղ էլ հանեցին աջ երիկամս, վիրահատեցին լյարդս: Կազդուրվելուց հետո սպառնացին, որ ասեմ՝ ինձ վրա հանկարծակի կարկել է Արթուր Ղևոնդյանը՝ ձեռքի ատրճանակով խաղալով, այլապես Հայկն ասել էր՝ չես ապրի, եթե չասես»,- դատարանում իր ցուցմունքում պատմել է Հայկ Սարգսյանի նախկին ընկեր Դավիթ Սիմոնյանը:
Հիշեցնենք՝ Հայկ Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության՝ սպանության փորձի և ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 1-ին (սպանության փորձ) մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի (զենք–զինամթերք ձեռք բերելու և պահելը) հատկանիշներով։
Հիշեցնենք նաև, որ Հայկ Սարգսյանը «Նուբարաշեն» ՔԿՀ–ից ազատ էր արձակվել 50 մլն դրամ գրավի դիմաց: