Ռուսական «Լենտա.ռու» կայքը ծավալուն անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, մասնավորապես՝ ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո այս հարցում նկատվող ակտիվությանը:
Հոդվածագիր Էլեն Բաբայանը նշում է, որ Երևանն ու Բաքուն ԼՂ ճակատագրի հարցով գաղտնի բանակցություններ են սկսել: Ներկայացնելով բազմամյա հակամարտության պատմությունը՝ հեղինակը նկատում է, որ վերջին շրջանում շփման գծում համեմատաբար հանգիստ իրավիճակ է, իսկ կողմերի ագրեսիվ հռետորաբանությունն ավելի մեղմ է դարձել:
«Չի բացառվում, որ կողմերից մեկը համոզիչ փաստարկներ ունի, կամ էլ ինչ-որ մեկը որոշել է զիջումների գնալ: Իսկ միգուցե կողմերը վերջապես հասունացել են մեկընդմիշտ հակամարտությանը լուծում տալու համար, քանի դեռ Կովկասում հերթական պատերազմը չի սկսվել»,-նշում է Բաբայանը՝ հաջորդիվ փորձելով հասկանալ, թե նման բարդ ու պայթյունավտանգ հարցում բանակցող կողմերը որ հարցում կարող են ընդհանուր հայտարարի գալ:
Հեղինակը գրում է, որ ՀՀ-ում իշխանափոխությունից ու երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո, Բաքվի հայտարարությունների տոնն ու բովանդակությունը զգալի փոփոխություններ են կրել:
«Սակայն, թե ինչ է կատարվում բանակցային սեղանի շուրջ, կարելի է միայն ենթադրել: Այնուամենայնիվ, պարզից էլ պարզ է, որ փակ դռների հետևում ինչ-որ նոր բան է քննարկվում. մի բան, որը հետաքրքրել է երկու կողմին էլ ու ամենայն հավանականությամբ կարող է մոտեցնել հակամարտության հանգուցալուծումը: Անուղղակի նախանշանների վրա հիմնվելով՝ արդեն կարելի է որոշ ենթադրություններ անել: Դրանցից ամենակարևորը հետևյալն է. «Մադրիդյան սկզբունքները» հեռացված են օրակարգից, կամ էլ դրանք լրջորեն մշակվել են»,- շարունակում է Բաբայանը՝ բացատրելով «Մադրիդյան սկզբունքների» էությունը:
Հոդվածագիրը նշում է, որ նոր սկզբունքները, որոնցով առաջնորդվում են բանակցողները, մշակված են ոչ թե միջնորդների կողմից, այլ անմիջապես հակամարտության կողմերի:
Որպես գրվածի ապացույց՝ Բաբայանը ներկայացնում է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետևյալ հայտարարությունը. «Փարիզում և Դավոսում կայացած մեր հանդիպումները բավականին առարկայական էին: Այդ հանդիպումների հիման վրա մենք սկսում ենք միջնորդների հետ բանակցություններ»:
Ավելի մանրամասն՝ tert.am կայքում