Ներում ստանալու համար դիմել է 250 դատապարտյալ. Ովքեր են ներում ստացած դատապարտյալները. aysor.am
Advertisement 1000 x 90

Ներում ստանալու համար դիմել է 250 դատապարտյալ. Ովքեր են ներում ստացած դատապարտյալները. aysor.am

Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի կողմից ներման խնդրագիր ներկայացնելու և ներում չստանալու շուրջ առաջացած աղմուկի հետքերով Aysor.am-ը փետրվարի 4-ին գրավոր հարցում էր ուղարկել Արդարադատության նախարարություն՝ պարզելու, թե որքան դատապարտյալ է ներման խնդրագիր ներկայացրել և ի վերջո, ովքեր են ներում ստացած դատապարտյալները:

Արդարադատության նախարարությունից տասն օր անց ստացած գրավոր պատասխանից տեղեկանում ենք, որ 2018 թվականի ապրիլի 26-ից մինչև դեկտեմբերի 28-ը ընկած ժամանակահատվածում դատապարտյալների կողմից Արդարադատության նախարարություն է ներկայացվել 250 ներման խնդրագիր, որի արդյունքում Հանրապետության նախագահը ներման խնդրագիր ներկայացրած 136 դատապարտյալի վերաբերյալ ընդունել է ներման խնդրագրերի մասին հրամանագրեր:

Ըստ այդմ՝ Հանրապետության նախագահը ներման խնդրագիր ներկայացրած Բորիս Սարգսի Հակոբյանին և Նարեկ Գուրգենի Սարգսյանին ներում է շնորհել՝ համապատասխանաբար կրճատելով նրանց նկատմամբ նշանակված պատժաչափերը մեկ տարի վեց ամսով և մեկ տարով։

Ըստ տրամադրված տեղեկատվության՝ Բորիս Սարգսի Հակոբյանըազատազրկման է դատապարտվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ (սպանություն) և 235-րդ (ապօրինի զենք պահելը) հոդվածների առաջին մասերով նախատեսված արարքների կատարման համար, իսկ Նարեկ Գուրգենի Սարգսյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի երկրորդ մասի 14-րդ կետով նախատեսված արարքի կատարման համար (մարդու առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ):

Արդարադատության նախարարի անունով ուղարկված հարցմամբ հետաքրքրվել էինք նաև, թե արդյոք եղել են ներում ստացածների մեջ ցմահ դատապարտյալներ: Ի պատասխան մեզ տեղեկացրել են, որ ցմահ դատպարտյալները ներման խնդրագրեր ներկայացրել են, սակայն նրանց ներում չի շնորհվել:

Մեր մյուս երկու հարցերը վերաբերել էին ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանին: Մասնավորապես, հետաքրքրվել էինք՝ ի՞նչ հիմքով ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանին ներում չի շնորհվել և ի վերջո փորձել էինք ճշտել՝ ճի՞շտ են այն տեղեկությունները, որ Զեյնալյանը և Ներման հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն են տվել Մհեր Ենոքյանի ներման խնդրագրին։

Արդարադատության նախարարությունից, սակայն, այս հարցին չեն պատասխանել՝ վկայակոչելով հայաստանյան օրենսդրությունը. «Միաժամանակ հայտնում ենք, որ հաշվի առնելով ներման հետ կապված հարաբերությունների առանձնահատկությունը՝ 2018 թվականի հունիսի 15-ի «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի N 782-Ն որոշմամբ սահմանվել է, որ Հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված հարցերը և արտահայտված դիրքորոշումները ենթակա չեն հրապարակման: Հետևաբար Արդարադատության նախարարությունը 6-րդ և 7-րդ հարցերի վերաբերյալ իրավասու չէ որևէ տեղեկատվություն տրամադրել»:

Նախարար Արտակ Զեյնալյանը խնամքով թաքցնում է այդ տեղեկությունը, սակայն մեր աղբյուրները պնդում են, որ ինքը կողմ է եղել ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանին ներում շնորհելուն և նույնիսկ դրական պատասխան է տվել դատապարտյալի խնդրագրին:

aysor.am