Եթե աղի բլիթ եք կերել, բայց երազում ձեզ ծարավ են թողել, հոգ չէ՝, փորձեք հաջորդ տարի։ Ամեն դեպքում, հույսներդ չկտրեք։ Մենք անդրադարձել ենք հայտնի կանանց, որոնք աղի բլիթ չեն կերել, երազ չեն տեսել, բայց հիմա երջանիկ ապրում են իրենց ասպետի հետ։ Նրանք Tert.am Life-ի հետ կիսվել են սեփական փորձով և խոսել ամուսնությունից առաջ և հետո ռոմանտիկ կյանքի փոփոխության մասին։
Գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն իրեն շատ ռոմանտիկ մարդ չի համարում, բայց այնպես է անում, որ ամուսնական կյանքում ռոմանտիկ պահերի պակաս չլինի․ «Կդժվարանամ ասել ինձ ռոմանտիկ համարում եմ, թե չէ։ Երևի, ամեն դեպքում, կիսով չափ ռոմանտիկ եմ»։
Մինչև ամուսնությունն ու սիրելիին հանդիպելը, ի տարբերություն շատ աղջիկների, Լուսինեն աղի բլիթ չի կերել. «Չեմ կերել, չեմ էլ հավատում, որ կուտես ու երազիդ կտեսնես սիրելիիդ։ Ավանդույթ է, որին շատերն են հետևում, համոզված եմ, որ դեռ երկար տարիներ կշարունակի հետաքրքրություն վայելել»։
Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը, որը հասցրել է հայտնի դառնալ իր ռոմանտիկ բնավորությամբ, նույնպես չի հավատում աղի բլիթի առաքելությանը, ավելին՝ հումորով է վերաբերվում․ «Հաճելի ավանդույթ է, բայց երբևէ չեմ կերել։ Չնայած գիտեմ դեպքեր, երբ մարդիկ կերել են, երազ տեսել, որ իրականություն է դարձել։ Ըստ իս` սա հետաքրքիր ավանդույթ է բոլոր նրանց համար, ովքեր հավատում են, որ կախարդանքի միջոցով կարող են տեսնել իրենց ասպետին։ Ես իրական կյանքում եմ հանդիպել ասպետիս և շատ գոհ եմ»։
Կարծիք կա, որ ամուսնությունն ու համատեղ կենցաղը, երբեմն, զույգերին ստիպում է մոռանալ ռոմանտիկայի մասին։ Դերասանուհին համամիտ չէ, ասում է` այս առումով ինքն ու ամուսինը դեռ ընկերություն անելու շրջանում են։ «Շատ հաճախ միմյանց ժամադրում ենք, հանդիպում, իմանում, թե ինչպես է անցնում օրը։ Մենք կարողանում ենք ռոմանտիկ դարձնել անգամ սովորական օրերը։ Ըստ իս` նշանակություն չունի ամուսնությունից հետո՞, թե՞ առաջ։ Ես բնույթով շատ ռոմանտիկ, խենթ, անակնկալներ սիրող մարդ եմ»,– նշեց նա ու հավելեց, որ ամուսինը շատ ռոմանտիկ չէ, բայց դա իրենց չի խանգարում։
Ամբողջությամբ՝ life.tert.am