«Հրապարակ» օրաթերթն այսօր դարձավ 11 տարեկան։ Տասնմեկ տարի շարունակ «Հրապարակը»՝ իր ստեղծագործական թիմով, քաղաքացիներին մատուցել է անաչառ և օբյեկտիվ լրատվություն երկրում տիրող ամենատարբեր իրադարձությունների վերաբերյալ։ «Հրապարակը» քաղաքացու ձայնի ազատ արտահայտման հարթակ է, որտեղ բարձրացվում են նախևառաջ քաղաքացու և քաղաքացու շահերից բխող խնդիրները։ Իր գործունեության տասնմեկ տարիների ընթացքում «Հրապարակը» դիմացել ու դիմակայել է բազմաթիվ ճնշումների, որոնք գործադրվել են հատկապես իշխանությունների կողմից։
Այսօր ևս այդ ճնշումները շարունակվում են նոր իշխանությունների կամ նրանց սպասարկող ուժերի, անհատ գործիչների ու ֆեյքերի ամբոխի կողմից։ Դա գրավականն է մի բանի՝ «Հրապարակն» իր գործը ճիշտ է անում՝ իր թերություններով ու երբեմն թույլ տրվող սխալներով հանդերձ, «Հրապարակի» բռնած ուղին ճիշտ է, քանզի սպասարկում է բացառապես երկրի ու ՀՀ քաղաքացու շահը, ոչ թե օրվա իշխանության։
Վերջին տարիներին «Հրապարակի» ձեռքբերումներից մեկը կարող ենք համարել մշակութային հավելվածը, որը լույս է տեսնում ամիսը մեկ անգամ։ Այս հավելվածի շնորհիվ մեր երկրի մշակութային իրադարձությունները ներկայացվում են նոր ֆորմատով, ընթերցողը կարողանում է ծանոթանալ նաև ժամանակակից գրողների, հեղինակների ստեղծագործություններին հենց այս հավելվածի միջոցով։
«Հրապարակ» այսօր նաև ամենաշատ վաճառվող օրաթերթն է, որի լուրերից և հոդվածներից պարբերաբար ամեն օր օգտվում են մյուս ԶԼՄ-ները՝ օգտագործելով այն իրենց մամուլի տեսություներում։
«Հրապարակն» այս տարվանից իր ընթերցողներին է ներկայանում նաև իր նոր, թարմացված Hraparak.am կայքով, որը, հուսով ենք, ավելի է հեշտացրել մեր կայքի այցելուների գործը «Հրապարակ» նյութերն էլեկտրոնային տարբերակով ընթերցելիս։։
Շնորհավոր ազատ խոսքի «Հրապարակի» տարեդարձը։