Համացանցում զանգվածային դժգոհություններ են սկսվել հունվար ամսվա գազի և էլեկտրաէներգիայի վճարների հետ կապված։ Քաղաքացիները, մասնավորապես, սոցիալական ցանցերում և բանավոր զրույցներում դժգոհում են, որ հունվար ամսին ավելի շատ են գազի համար վճարել, քան դեկտեմբերին՝ չնայած որ հակառակը պետք է լիներ՝ հաշվի առնելով, որ տոնական օրերին ավելի շատ է գազ սպառվում։ Քաղաքացիները կասկածներ ունեն, որ «Գազպրոմ Արմենիան» կամայականություններ է թույլ տալիս՝ ցանկանալով բաժանորդների հաշվին կոմպենսացնել ՊԵԿ-ի հայտնաբերած չարաշահումները կամ՝ սահմանին գազի գնի 15 տոկոս թանկացումը։
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ, Հանրային խորհրդի անդամ Բաբկեն Պիպոյանը «Հրապարակի» հետ զրույցում տեղեկացրեց, որ վերոնշյալ ահազանգերի և դժգոհությունների կապակցությամբ այսօր արդեն հետազոտություններ են սկսել․
«Այսօր առավոտյան եմ ասել, որ հետազոտությունները սկսեմ։ Պետք է մտնել մի քանի տուն՝ մեկ, մի քանի կամ 50 հոգու կոնտրաստը կամ սոցիալական ցանցում դժգոհությունը իրականում շատ լուրջ հիմք է, որպեսզի հետազոտություն սկսվի, բայց առնվազն այն հիմքը չէ, որպեսզի մեղադրանք հնչեցնենք։ Արդեն 10 տան կտրվածքով 3 տուն ունեցել ենք, որ լրիվ նույնն է եղել, պետք է հասկանալ, որ այստեղ ուրիշ խնդիր կա․ հավանական է, որ դեկտեմբերի վերջին մի քանի օրվա հետ կապված տարբեր տեղերում տարբեր ձևերով արձանագրված լինի, այսինքն՝ տեսուչը արձանագրել է դեկտեմբերի 1-ից դեկտեմբերի 28-ը, իսկ մյուս տեղում մինչև 30-ը, իսկ հունվարինը ֆիքսի փետրվարի 2-ին։ Այսինքն՝ ստացվում է, որ մի դեպքում 34 օր է ֆիքսվել, մյուս դեպքում 28 օր է ֆիքսվել։ Նաև թվային բալանսներն է պետք հասկանալ, որպեսզի տեսնենք՝ չարաշահման հետ գործ ունե՞նք, թե՞ ոչ, ամեն ինչ այնքան վա՞տ է, որքան առաջին հայացքից թվում է։ Տեսականորեն 2 տարբերակն էլ հնարավոր է»,- մեզ հետ զրույցում ասաց Պիպոյանը։
Նշենք, որ «Գազպրոն Արմենիա» ընկերությունից մեզ հետ զրույցում թեմայի վերաբերյալ հետևյալ պարզաբանումն էին տվել․
«Նախ արձանագրենք, որ բաժանորդը սպառած գազի դիմաց վճարում է ըստ հաշվիչի ցուցմունքի, ինչ վերաբերում է սպառած գազի ծավալի ավելացմանը հատկապես ջեռուցման սեզոնին կամ ձմռան ամիսներին, ապա դա առաջին հերթին պայմանավորված է եղանակային գործոնով։ Ինչ վերաբերում է բոլոր անհատական բողոքներին, ընկերությունը պատրաստ է ներկայացնել սպառման էպիկրիզները նախորդ տարիների համեմատ, և ցանկացած դժգոհության դեպքում բաժանորդները կարող են դիմել ընկերություն, «Գազպրոմ Արմենիան» պատրաստ է յուրաքանչյուր բողոքին անհատապես անդրադառնալ»,-փոխանցել էին ընկերության լրատվական ծառայությունից։