Հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին նվիրված երևանյան միջոցառումների մեկնարկը տրվեց փետրվարի 19-ի վաղ առավոտյան գրողի թանգարանի մատույցներում, որտեղ թանգարան մտնել ցանկացող տարբեր տարիքային խմբի աշակերտների հերթեր էին գոյացել:
Բազմաբնույթ ծրագրի սկիզբն ազդարարվեց շեփորահարների, թմբկահարների կատարումներով, իսկ թանգարանի ներսում այցելուներին սպասում էին թատերական բեմականացումներ, կրկեսային համարներ…
Տասնամյա Ալբերտ Ոսկանյանը, որը մոր հետ էր եկել շնորհավորելու գրողին, ասաց, որ շատ է սիրում Թումանյանի հեքիաթները: «Կարդացել եմ «Շունն ու կատուն», «Անբան Հուռին» և այլ հեքիաթներ: Թումանյանը մեզ սովորեցնում է բարություն, ընկերասիրություն: Նրա ստեղծագործությունները իմաստալից են»,- նշեց Ալբերտը և հավելեց, որ մեծ հետաքրքրությամբ է պտտվելու թանգարանում:
Թանգարանի մատույցներում ֆլեշմոբ էին իրականացնում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաները` ընթերցելով Թումանյանի գործերը և կատարելով Կոմիտասի երգերը:
«Պատահական չէ, որ Հովհաննես Թումանյանն ամենայն հայոց բանաստեղծ, ամենայն հայոց թամադա է համարվում, որբերի հայրը: Նրա ստեղծագործությունները մեզ ուղեկցում են մեր ծննդյան օրից մինչև մահ: Ապրում, շնչում ենք Թումանյանով»,- նշեց կրթահամալիրի ուսուցչուհի Մարինե Ամիրջանյանը: