Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում, այսօր՝ փետրվարի 19–ին շարունակվեց «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանի և «Ֆլեշ» ՍՊԸ-ի բազայի պետ Հրայր Հովսեփյանի գործով հերթական դատական նիստը։
Բարսեղ Բեգլարյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանն այսօրվա դատական նիստին բացարկ հայտնեց գործով մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանին։ Գրիգորյանի խոսքով՝ Առաքելյանը գործի նախաքննության ընթացքում բազմաթիվ դատավարական խախտումներ է թույլ տվել։ Ըստ նրա՝ մեղադրողը նախաքննության օրինականության նկատմամբ պատշաճ հսկողություն չի իրականացրել, կանխակալ մոտեցում է ցուցաբերել գործի ելքով շահագրգռված անձանց նկատմամբ, քայլեր չի ձեռնարկել այդ անձանց կողմից՝ միմյանց հակասող ցուցմունքներում նշված հանգամանքները լրացուցիչ հարցաքննության կամ առերեսման միջոցով ստուգելու համար, չփարատված կասկածները մեկնաբանվել են ի վնաս մեղադրյալների, վերջիններիս չի պարզաբանվել իրենց իրավունքներն ու պարտականությունները և այլն։ Նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։ Հիշեցնենք, որ «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին և «Ֆլեշ» ՍՊԸ-ի «Քանաքեռ» բազայի պետ Հրայր Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված բռնություն գործադրելու սպառնալիքներով ինքնիրավչություն կատարելու համար։ Հրայր Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին, իսկ Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը դատախազությունը փոխել էր անձնական երաշխավորությամբ։
Նշենք, որ ինքնիրավչությունն օրենքով սահմանված կարգի խախտմամբ իր իրական կամ ենթադրյալ իրավունքներն ինքնակամ (ինքնագլուխ) իրականացնելն է, որն էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին կամ օրինական շահերին։