Ինքնաձիգի գործադրմամբ սպանության փորձ՝ Տավուշի մարզում. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Ինքնաձիգի գործադրմամբ սպանության փորձ՝ Տավուշի մարզում. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 20-ին, հրազենի գործադրմամբ սպանության փորձ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում անհայտ անձը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհից դեպի «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության վարչական շենք տանող ճանապարհի խաչմերուկում ինքնաձիգից կրակոցներ է արձակել Տավուշի մարզի Թեղուտ գյուղի բնակիչ՝ 40-ամյա Արագած Թամրազյանի ուղղությամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակոցներ արձակողն այնուհետև դիմել է փախուստի։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Վահե Ղազարյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սևակ Բադիրյանի գլխավորությամբ։

Տեղում աշխատել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Գյոզալյանի, հատկապես կարևոր գործերով քննիչ Սմբատ Սաղաթելյանի գլխավորությամբ։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել է նաև Տավուշի մարզի դատախազ Վիկտոր Գրիգորյանը։

Իրավապահները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգից կրակված շուրջ 30 փամփուշտ, ինչպես նաև Lexus GX 470 մակնիշի 50 QQ 700 համարանիշի ավտոմեքենա, որի վրա եղել են բազմաթիվ կրակոցի հետքեր։ Հայտնաբերվել են նաև մեծ թվով կրակված պարկուճներ և ինքնաձիգի 1 հատ պահունակ։

Փաստի առթիվ Դիլիջանի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել են մի շարք համալիր փորձաքննություններ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com