Ռուբեն Շուխյանի հրապարակումը.
«Կիլիկյան Հայաստանի թագավոր Լևոն Մեծագործի (Ռուբինյանների իշխանական տոհմից, գահակալել է 1187-1219 թթ.) լատիներեն մակագրությամբ այս դրամները շրջանառության մեջ են եղել Արևմտյան Եվրոպայում և այլուր: Լևոն Մեծագործի գահակալման տարիներին հատած ոսկյա և արծաթե դրամները դարձել էին ամենահայտնի միջազգային շուկաներում նախընտրելի տարադրամը:
Լևոն Մեծագործի օրոք Կիլիկյան Հայաստանի թագավորության սահմանները զգալի ընդարձակվել են: Նա վերաշինել է հին բերդերը և կառուցել նորերը, ստեղծել է մշտական հզոր բանակ, եվրոպական երկրների զինուժի նմանությամբ հաստատել է ռազմական ուսուցման որոշակի կարգ ու կանոն, կանոնավորել է արքունի գործակալությունները, բարեկարգել տնտեսական կյանքը, առևտրական արտոնյալ պայմանագրեր կնքել (1211, 1212 թթ.) Վենետիկի, Պիզայի, Ջենովայի և վաճառաշահ այլ քաղաքների ու երկրների հետ, կազմակերպել առևտրական նավատորմիղ, բացել վարժարաններ, դպրատներ (ուսուցումը՝ հայերեն և օտար լեզուներով):
Լևոն Մեծագործն իր արքունիքում արտոնյալ պայմաններ է ստեղծել նաև գիտնականների և արվեստագետների համար: Նրա օրոք ընդօրինակվել և կորստից փրկվել են բազմաթիվ հին ձեռագրեր, հայերեն են թարգմանվել գիտական ու գրական արժեքավոր երկեր»:
Պատկերը՝ Գևորդ Նազարյանի ֆեյսբուքյան էջից