ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հաստատել է Politik.am-ի տեղեկությունը, որ Նիկոլ Փաշինյանի հետ մեկնել է Դավոս՝ համաշխարհային տնտեսական համաժողովին:
«Իրականությունը հետևայլ է՝ եղել եմ Դավոսում, ունեցել եմ պաշտոնական հրավեր Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի կազմակերպիչներից՝ ուղեկցել իմ ամուսնուն ֆորումի շրջանակներում, բայց ինչ-ինչ անձնական պատճառներից ելնելով չկարողացա: Ինչպես տեսել եք լրատվությունից և վիդեոներից՝ ես ֆորումում չեմ հայտնվել: Դրանից ելնելով՝ ինձ թվում էր, քանի որ կար պաշտոնական հրավեր և ես այնտեղ էի ու չգնացի, կոռեկտ չի լինի ասել, որ գնացել եմ ֆորումին ու չեմ մասնակցել», — ասաց նա:
Հիշեցնենք, Փաշինյանը մեկնել էր Շվեյցարիա հունվարի 22-ից մեկնարկած Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու:
Ավելի վաղ՝ Դավոս մեկնելու մասին տեղեկությունը ճշտելու համար մենք կապ էինք հաստատել Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանի հետ։
«Իսկ ո՞վ է ասել, թե Աննա Հակոբյանը Դավոս է մեկնել: Ես չունեմ նման տեղեկություն, թե Աննա Հակոբյանը մեկնել է Դավոս», — ասել էր նա: Հարցին, թե ամեն դեպքում, Աննա Հակոբյանը վերջին օրերին երկրից որևէ ուղղությամբ մեկնե՞լ է, նա պատասխանել էր. «Ես գիտեմ, որ Աննա Հակոբյանը Դավոսում չի եղել: Շվեյցարիա՝ չգիտեմ: Դեկտեմբերին մեկնել ենք, դրա մասին հայտարարություն է տարածվել»: