Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի քաղաքապետարանը հայտարարել է շուրջ 900 մլն դրամ արժողությամբ 24 աղբատար մեքենաների մրցույթ, որին չէր կարող հաղթել այլ կազմակերպություն, քան Կամազ ներկրող կազմակերպությունը։ Բանն այն է, որ տեխնիկական բնութագրերը կարծես գրված լինեն հենց Կամազի տվյալ մակնիշի համար և խոչընդոտում են այլ կազմակերպությունների մասնակցությունը այդ մրցույթին։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ քաղաքապետարանը որպես տեխնիկական բնութագիր 24 աղբատար մեքենաների համար նշել է Euro 3 բնապահպանական ստանդարտը…
Բանն այն է, որ 2018թ․ հունվարի 1-ից արգելված է ԵՏՄ տարածքում արտադրել Euro 5 ստանդարտից ցածր ստանդարտի շարժիչներ։ Որևէ այլ կազմակերպություն չէր կարող հաղթել այս մրցույթում, անկախ ներկայացրած գնից, քանի որ արգելված է Euro 3-ի արտադրությունը և ներկրումը ԵՏՄ տարածքում։ Եթե պարզվի, որ ներկրված մեքենաներն իսկապես Euro 3 են, ապա լուրջ հարց է առաջանալու, թե ինչպե՞ս են դրանք արտադրվել Ռուսաստանում և ինչո՞ւ են մեր պետական մարմինները թույլ տվել դրանք ներկրել Հայաստան։ Իսկ եթե պարզվի, որ ներկրված մեքենաներն իրականում Euro 5 են, կնշանակի, որ մրցույթի տեխնիկական պայմաններով արհեստական արգելք է ստեղծվել 900 մլն դրամ արժողությամբ մրցույթին այլ կազմակերպությունների մասնակցության համար։
Հ․Գ․ Եվրոպական երկրներում Euro 3-ի արտադրությունը վաղուց արգելված է վերջինիս արտանետումների մեծ ծավալի պատճառով, իսկ այն որ ԵՏՄ-ում այն ևս արգելված է, գրեթե համոզված եմ, որ տեղյակ էին նաև այս գնումն իրականացնող պաշտոնյաները»։