Քննչական կոմիտեն բացահայտել է Քանաքեռ-Զեյթունի թաղապետարանից կատարված գողությունը. կա ձերբակալված
Advertisement 1000 x 90

Քննչական կոմիտեն բացահայտել է Քանաքեռ-Զեյթունի թաղապետարանից կատարված գողությունը. կա ձերբակալված

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է թաղապետարանից կատարված գողությունը: Պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ձերբակալվել է: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով.

«Նախնական տվյալներով՝ 2019 թվականի փետրվարի 22-ի ժամը 18:00-ից մինչև փետրվարի 25-ի ժամը 08:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը, օգտվելով պատուհանի բաց լինելու հանգամանքից, ապօրինի մուտք է գործել Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թաղապետարան և 2-րդ հարկի աշխատասենյակներից գաղտնի հափշտակել տարբեր տեսակի իրեր:

Դեպքի առթիվ 2019թ. փետրվարի 25-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Աշխատակիցները ճանաչվել են տուժող և ցուցմունք տվել:

Ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Աբովյան քաղաքի բնակիչ՝ ծնված 1969թ.: Նշենք, որ վերջինս համաներմամբ ազատ է արձակվել 2018թ. նոյեմբերի 16-ին:

49-ամյա տղամարդը հարցաքննվել է դեպքի շուրջ: Վերջինիս խուզարկությամբ հայտնաբերվել են թաղապետարանից հափշտակված իրեր:

Առերևույթ հափշտակություն կատարելու կասկածանքով 1969թ. ծնված տղամարդը ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»: